Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ այդ փաստաթուղթը պետության ամենակարևոր փաստաթղթերի հնգյակում է.
«Հեղափոխությունից հետո մեր երկրում եղել են բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք, սակայն, չեն եղել այնքան, որքան պահանջվել է, որովհետև կոռուպցիան եղել է եզակի կայացած ինստիտուտներից մեկը, և դրա պատճառով է նաև, որ եղել է այս փաստաթղթի ձևավորման անհրաժեշտությունը։ Ռազմավարության մեջ շատ օբյեկտիվ ախտորոշված են կառավարության համակարգի խնդիրները բոլոր հնարավոր հարթություններում, տրված են լուծումները»։
Նրա խոսքով՝ 2022-2024 թվականները ծրագրի առաջին փուլն է, 2025-2027 թվականները՝ երկրորդ, 2028-2030-ը՝ հաջորդ։
Նախարարի ներկայացմամբ՝ հիմնական 4 ուղղություններով է լինելու աշխատանքը։ Առաջին բլոկը հանրային ծառայությունների բարելավումն է, մյուսը՝ մարդկային ռեսուրսների խնդրի լուծումը, 3-րդ հենասյունը ինստիտուցիոնալ արդիականացումն է, 4-րդը՝ քաղաքականություն ընդունելու ռազմավարական մոտեցումն ու պլանավորումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ աշխատանքն սկսվել է 2018-ից՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում, հետագայում տեղափոխվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ. «Այս բարեփոխումը պետական մեքենայի մասին է։ 3 տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը և արձանագրել ենք, որ դրանում կան ավելորդ, պակասող դետալներ, և այն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին»։