ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ, փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա: Փաշինյանի այս հայտարարությանը հակադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, թե «Հայաստանի վարչապետի ելույթի անհիմն մեղադրանքները կասկածի տակ են դնում այս երկրի՝ խաղաղության ձգտումը»։
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական դիալոգը պետք է ուղեկցվի նման դիվանագիտական «պատերազմներով», որովհետև կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ հնարավոր չէ պատկերացնել, թե կարճ ժամանակահատվածում դրանք հնարավոր է հաղթահարել։ Radar Armenia-ի հետ զրույցում Սուրենյանցը նշեց. «Բանակցություններին զուգահեռ նման բանավեճը բնական է։ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն առկա է, և Փաշինյանն էլ Նիդերլանդներում Ադրբեջանին մեղադրեց ապակառուցողականության և հումանիտար խնդիրներն անտեսելու մեջ։ Գործընթացն ուղեկցվելու է նման դիվանագիտական պատերազմներով։ Սա բնական է, որովհետև ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ բազմաշերտ է, և բարդ է լինելու տարբեր խնդիրների շուրջ համաձայնության հասնելը»։
Ըստ Սուրենյանցի՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում արագ քայլերի չպետք է սպասել, քանի որ դա անհնար է։ «Երկուստեք պետք է ի վերջո հստակեցվեն, թե որ կողմի հովանու ներքո են պատրաստվում շարունակել գործընթացը՝ ռուսակա՞ն, թե՞ բրյուսելյան, որովհետև սրանք ոչ բոլոր դեպքերում են նույնական։ Առայժմ, կարծես թե, համադրվում են այս երկու գործընթացները, բայց, միևնույն է, օր է գալու, որ պետք է հստակեցվի, թե գործընթացում որ կողմն է հիմնական միջնորդը, մանավանդ, որ այդ հարցում ՌԴ-ն հստակ հավակնություններ է ներկայացրել»։
Ինչ վերաբերում է հայտարարություններից զատ գործնական քայլերին, Սուրենյանցը նշեց, որ արդեն մի փոքր քայլ համաձայնեցվել է, և, կարծես թե, արտգործնախարարների հանդիպման օրակարգում առաջնային է լինելու դեմարկացիայի, դելիմիտացիայի և անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը. «Ճիշտ է՝ ժամկետները որոշակիորեն խախտվել են, բայց թե՛ Բաքվում, թե՛ Երևանում հայտարարում են, որ այդ հանձնաժողովն օրերս կստեղծվի և կսկսի գործել, ընտրվել է փոխվարչապետների մակարդակով ղեկավարվելու տարբերակը, ինչը գործնական քայլ է։ Բայց ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ առայժմ համաձայնության որևէ նշան չկա, և, ըստ ամենայնի, այդ հարցը կքննարկվի շատ ավելի ուշ հեռանկարում, երբ կողմերի միջև ձևավորված կլինեն վստահության ինչ-որ էլեմենտներ»։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ներքաղաքական իրավիճակը կարող է ազդել հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, քաղաքական գործիչը պատասխանեց. «Երբ արտաքին մարտահրավերները շատ են՝ պատերազմի հետևանքներ, գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՌԴ-Արևմուտք հակամարտության պատճառով հայտնվել է ինստիտուցիոնալ «չգոյության» ռեժիմում։ Այսպիսի մարտահրավերներ ունեցող երկրներում ներքաղաքական կոշտ հակադրությունը միշտ բացասական ազդեցություն է ունենում, որովհետև այդ դեպքում արտաքին ռիսկերին դիմակայելը շատ ավելի դժվար է լինում։ Ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ, պահպանվող հակասություններով հանդերձ, իշխանությունները և խորհրդարանական ընդդիմության ղեկավարները նստեն կլոր սեղանի շուրջ և փորձեն ինչ-որ ընդհանուր օրակարգ ձևակերպել, որը կվերաբերի նաև արտաքին ռիսկերի չեզոքացմանը։ Մյուս կողմից՝ չպետք է գերագնահատել ընդդիմադիր այս ակցիաները, որովհետև դրանք մասշտաբով այնքան մեծ չեն, որ էական ազդեցություն ունենան արտաքին քաղաքականության վրա»։
Մարիամ Սարգսյան