ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ պաշտոնական այցի ժամանակ հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ նրան դիմավորել էին «դավաճան» վանկարկումներով։ Ավելի վաղ նման միջադեպ տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցի ժամանակ. այստեղ էլ հայ համայնքի ներկայացուցիչները դեսպանատուն փշոտ, սև վարդեր ու Թուրքիայի դրոշն էին տարել։
Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով այդ միջադեպերին, կարծիք հայտնեց, որ նման քայլերը վնասում են իշխանությունների հեղինակությանը, իսկ հեղինակության հետ խնդիրներ ունեցող իշխանությունները որոշակի խոչընդոտների են հանդիպում արտաքին քաղաքականություն իրականացնելիս. «Ենթադրում եմ, որ եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը, տեղի ունեցող բանակցությունները արդյունավետ լինեն, դա կփոխի մարդկանց վերաբերմունքը, եթե լինի ձախողում, ապա մարդկանց բողոքը և դժգոհությունը նույնիսկ ավելի կխորանա»։
Նավասարդյանի խոսքով՝ դա քաղաքակիրթ քաղաքական ընթացք չէ. «Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես, ինչպես և Հայաստանում, տարբեր գնահատականներ ունեն քաղաքական ուժերի նկատմամբ, այդ թվում նաև՝ իշխանությունների, և, քանի որ քաղաքական ասպարեզում իրավիճակը լարված է, դա անմիջապես տեղափոխվում է Սփյուռք»։
Ըստ նրա՝ քաղաքացիները ընտրում են այն, ինչը տվյալ պահին համարում են առավել համահունչ իրենց մոտեցումներին. «Մարդիկ փորձում են իրենց համար կշռել, թե որն է ավելի կարևոր՝ հոգեբանական ճնշում գործադրել այն իշխանությունների կամ քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք անընդունելի՞ են իրենց համար, թե՞ մտածեն այդ նույն ուժերի հեղինակությունը բարձրացնելու կամ պահպանելու մասին»։
Սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածմանն անդրադառնալով՝ Նավասարդյանը համոզմունք հայտնեց, որ այն հնարավոր է կանխել, եթե լինի ավելի համերաշխ մթնոլորտ. «Մարդկանց մոտեցումները շատ են բևեռացված, քաղաքական ուժերի մասին մարդկանց կարծիքները, գնահատականները խիստ տարբերվում են և՛ սոցիալական ցանցերում, և՛ հանրային դաշտում, ինչը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը որոշ դեպքերում ստանում է շատ անդուր և զզվելի դրսևորում»։
Նավասարդյանի խոսքով՝ անհանդուրժողականության մթնոլորտը տեղափոխվում է նաև ամենօրյա կյանք, որտեղ մարդիկ շատ ավելի ագրեսիվ են տրամադրված իրար նկատմանբ, ինչը հոգեբանական վիճակից է գալիս. «Բայց, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել երկրի հետ, կանխատեսելի էր, որ այդպես կլինի»։
Անուշ Մկրտչյան