Քաղաքական

«Ընդդիմադիր խմբակցությունների ներսում քաղաքական ճգնաժամ կա». պատգամավոր

«Ընդդիմադիր խմբակցությունների ներսում քաղաքական ճգնաժամ կա». պատգամավոր

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին՝ հայտարարելով, Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և ՀՀ-ն։

Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԱԺ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը տեսակետ հայտնեց, թե գործ ունենք քաղաքական ուժի և դրա ներկայացուցիչների հետ, որոնք 2018-ից այս կողմ չեն համակերպվում փոփոխված այն իրողություններին, երբ ժողովուրդն է որոշում՝ ով է իր իշխանությունը։ «Այսօր, տեսնելով, որ ժողովրդի կողմից չունեն աջակցություն, արդեն կարող են դիմել օտարերկրյա դեսպաններին, օտարերկրյա գործակալներին, կարող են դիմել թշնամական պետություններին, որովհետև նրանց խնդիրը մեկն է՝ ամեն գնով գալ իշխանության։ Նրանք այլ մոտեցում չունեն, չեն կանգնելու ոչ մի բանի առջև»։

Պատգամավորը ծայրահեղ բացասական գնահատեց ընդդիմադիրների այդ հայտարարությունը։ «Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ցավ եմ ապրում, որ ունենք ընդդիմադիր գործիչներ, որոնք փորձում են դրսից «տղա բերել» սեփական ժողովրդի վրա, դրսից ուժեր ներգրավել, որ ջարդեն ՀՀ քաղաքացու կամքը։ Ավելի լավ է՝ գնան իրենց բանդաներին կառավարեն, որոնք պապիկների են ծեծում, այն բանդաներին, որոնք ամբողջ օրը, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնելով, քայլում են փողոցներում։ Ես սա գնահատում եմ խայտառակություն և մաղթում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ խայտառակվեն մինչև վերջ»։

Անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, թե ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ, Հակոբյանն ասաց. «Քաղաքական ճգնաժամ կա միմիայն այդ ընդդիմադիր խմբակցությունների ներսում, ՀՀ-ում քաղաքական ճհգնաժամ չկա և չի կարող լինել, որովհետև այն հանգուցալուծվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական