Քաղաքական

«Իշխանության սադրանքները պետք է միջազգային կառույցների կողմից արժանանան քաղաքական գնահատականի». Թադևոս Ավետիսյան

«Իշխանության սադրանքները պետք է միջազգային կառույցների կողմից արժանանան քաղաքական գնահատականի». Թադևոս Ավետիսյան

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում ընթացող ցույցերին՝ ցուցարարներին կոչ անելով արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով: Իշխանություններին էլ կոչ են արել՝ «զսպվածություն ցուցաբերել և խրախուսել բողոքողներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանն ու ընդդիմության գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին, նշեց՝ հայաստանյան ներկա իրավիճակը որևէ աղերս չունի ժողովրդավարական, նույնիսկ ամենանվազագույն, ստանդարտների հետ։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ միջազգային կառույցները պետք է ավելի խորը վերլուծեն Հայաստանում կատարվողն ու առաջնային ուշադրություն դարձնեն երկու հանգամանքի՝ դրանց քաղաքական գնահատականի արժանացնելով. «Առաջինն այն բիրտ, անհամաչափ ուժն է, որը կիրառվում է ազատ, խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սա ակնհայտ է, նույնիսկ պատգամավորները, այդ թվում՝ ես, իրավապահ մարմինների կողմից ենթարկվել ենք ոչ իրավաչափ բռնի գործողությունների։ Նույնիսկ ԱԺ պատգամավորներին չեն թույլ տալիս՝ իրականացնել օրենքով սահմանված, իրենց երաշխիքներից և իրավունքներից բխող բողոքի գործողություններ»։

Ավետիսյանը նաև հարցրեց՝ որտե՞ղ է ժողովրդավարությունը, երբ ոստիկանը թքում է բերման ենթարկվող ցուցարարի վրա. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առանց որևէ իրավական հիմքի, կոպտագույն խախտումներով, բիրտ ուժով ճնշում են գործողությունները»։

Երկրորդ հանգամանքը, որին, ըստ պատգամավորի, միջազգային արձագանք պետք է հաջորդի, վերաբերում է իշխանության կողմից կազմակերպված սադրանքներին. «Իշխանությունը, իր ողջ ռեսուրսները ներդնելով, կազմակերպում և իրականացնում է սադրանքներ։ Դրանք ուղղորդված են կոնկրետ ակտիվիստների դեմ։ Նպատակն էլ է պարզ՝ հրահրել բախում քաղաքացիների միջև, ստեղծել անախորժություններ, և դրանց հիման վրա մարդկանց պատասխանատվության ենթարկել»։

Ըստ պատգամավորի՝ այդ սադրանքներն ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում, ինչը պետք է արժանանա գնահատականի. «Պետք է դիտարկել՝ բողոքի ակցիաների մասնակիցներին ովքեր են մոտենում, ինչ ազգակցական կապեր ունեն այս կամ այն քպ-ականի հետ։ Պետք է հստակ իրավական գնահատական տրվի կազմակերպիչների գործողություններին։ Գյումրու դեպքերը դրա ապացույցն էին, 1-2 տասնյակ մարդկանց ակնհայտ ուղղորդում էին, ուղղորդողն էլ այսօրվա ՔՊ Շիրակի «պարագլուխներից» մեկի մոտ ազգականն է։ Իմիտացիա է ստեղծվում, թե քաղաքացիների միջև կոնֆլիկտ կա. այդ ամենը կազմակերպված է։ Այսպիսի գործողությունները հղի են խոշոր բախումներով։ Մենք պարբերաբար հորդորում ենք բողոքի ակցիայի մասնակիցներին, որ զերծ մնան սադրանքներից։ Մեր նպատակը ոչ թե, իրենց նման, մարդկանց տարանջատելն է, հակադրելն ու թշնամանք սերմանելը, այլ՝ միասնականությունը, հանդուրժողականությունը»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական