Ադրբեջանը փորձում է հայ գերիների վերադարձի գործընթացի հարցը դարձնել առևտրի առարկա,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում «Հայաստանը և Նիդերլանդները. Դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերությունը» թեմայով դասախոսությունից հետո՝ պատասխանելով ներկաների հարցերին։
Նրա խոսքով. «Ցավոք, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բազմաթիվ միջազգային կառույցների կոչերի, 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված մեր քաղաքացիները չեն վերադարձվել, ինչն անհասկանալի է: Դա մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելու և առևտրի առարկա դարձնելու գործելակերպ է, որը դատապարտելի է»։
Վարչապետը հիշեցրել է՝ երբ գերիների թեման արծարծվեց, Ադրբեջանը փորձեց դա դարձնել առևտրի առարկա՝ հայկական կողմի ունեցած ականապատ դաշտերի քարտեզներ հետ փոխանակելու համար. «Եվ մենք, երբ տեսանք, որ փորձ է արվում մարդկանց փոխանակել քարտեզների հետ, քաղաքական որոշում կայացրինք, որ մեր արժեքների տրամաբանությունից դուրս է առևտուր անելը: Ադրբեջանը պնդում էր, որ պատերազմի ժամանակ մնացած ականապատ դաշտերի վրա ամեն օր մարդիկ են զոհվում, թիվ էր հրապարկում, և ես անձամբ քաղաքական որոշում կայացրեցի, որ այդ առևտուրը պետք է տեղի չունենա, և մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայտարարել, թե այդ քարտեզները այնքան էլ ճիշտ չեն: Մենք ասացինք՝ այնպես չէ, որ լավ քարտեզները մեզ ենք պահել, վատը ձեզ տվել, ինչ ունենք, դա է: Եվ նրանք դա նույնպես փորձեցին դարձնել շահարկման առարկա, բայց չնկատեցին մի բան, որ քարտեզների փոխանակումից հետո նրանց լրահոսից վերացել է ականների պայթյունի հետևանքով քաղաքացիների զոհվելու մասին տվյալը»։
Փաշինյանը շեշտել է՝ հայկական կողմը դա արել է՝ ցույց տալու խաղաղության օրակարգի մեջ իր անկեղծությունը, իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին. «Մինչև այսօր մեր առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում: Փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը: Իմիջիայլոց, վերջին անգամ հենց ԵԽ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խումբ ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել»։