ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆովի հայտարարությունների, հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցերը։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ընդգծեց, որ երբ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում խոսում են Արցախի կարգավիճակի մասին, այդ հայտարարություններն ամենևին չեն նշանակում Արցախի՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակ. «Ավելին, արդեն հստակ է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են համաձայնություն տալ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ քաղաքական կարգավիճակի։ Սա ակնհայտ է իշխանական տարբեր գործիչների հայտարարություններից, դրա մասին գրեթե բաց տեքստով են խոսում»։
Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմի 6 առաջարկների մեջ առանցքային դեր ունի անվտանգության հարցը. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների մասին։ Սա, ենթադրում եմ, առաջին հերթին վերաբերում է խաղաղապահ առաքելությանը։ Կարող է խոսվել ԼՂ-ում խաղաղապահ առաքելության անժամկետ գոյության վերաբերյալ։ Նույնիսկ կարգավիճակի հարցում այս իջեցված նշաձողով պահանջները բավական չեն՝ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումները մեղմելու համար։ Ադրբեջանը հակամարտությունն ավարտված է համարում, կարգավիճակի հարցն էլ՝ փակված»։
Քաղաքագետի կարծիքով՝ դեռևս շատ խոչընդոտներ են լինելու այս գործընթացում, և չարժե արագ լուծումներ ակնկալել. «Միջազգային հանրությունը կարող է առավելագույնն ինչ-որ ֆինանսատնտեսական կամ որոշակի դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, որոնք էական փոփոխություններ չեն մտցնելու տարածաշրջանում։ Օրինակ, ԵՄ-ն որևէ լծակ չունի՝ Ադրբեջանին ստիպելու, որ վերջինս հրաժարվի իր մաքսիմալիստական դիրքորոշումից։ Կամ եթե վաղը Ադրբեջանը սադրանքի դիմի հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում, Եվրամիությունը, բացի հայտարարությունից, որևէ քայլ չի ձեռնարկելու։ Նշաձողի իջեցման հարցում ողջ միջազգային հանրության պահանջ գոյություն չունի։ Օրինակ, ՌԴ-ն, որ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, հետաքրքրված չէ, որ կարգավիճակի հարցում որևէ փոփոխություն լինի, հետաքրքրված է, որ առկա ստատուս քվոն պահպանվի։ Դա պարզապես ՀՀ իշխանությունների անհասկանալի քաղաքականությունն է, որը փորձում են արդարացնել տարբեր, իբր, օբյեկտիվ իրողություններով»։
Այս իրավիճակում, ըստ քաղաքագետի, պետք է ոչ թե ձգձգել գործընթացը, այլ կարգավիճակի հարցը սառեցնել։ «Սա այս պահին գոյություն ունեցող միակ խելամիտ և իրատեսական մոտեցումն է։ Սա չի նշանակում, որ չպետք է բանակցել Ադրբեջանի հետ այլ հարցերով։ Օրինակ, ապաշրջափակման, դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով գործընթացը պետք է շարունակել։ ՀՀ իշխանությունները Արցախի կարգավիճակի հարցով որոշումներ կայացնելու մանդատ չունեն։ Դա ժողովրդավարական սկզբունքներին էլ չի համապատասխանում, ոչ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ կարգավիճակի հարցով ճակատագրական որոշում կայացնելու»։
Գրիգորյանի խոսքով՝ արդեն միջազգային հեղինակավոր փորձագիտական խմբերն էլ են նշում, որ այս փուլում անիմաստ է բանակցել ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ, որովհետև դժվար թե կարողանան ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ՝ նույնիսկ նշաձողի իջեցման պայմաններում. «Պատերազմում այսպիսի աղետալի պարտությունից հետո կարգավիճակի հարցի լուծումը նշանակում է «հաղթողի խաղաղություն» պարտադրել ՀՀ-ին։ Չեմ կարծում, թե սա միջազգային առկա մթնոլորտում տրամաբանական է, երբ Արևմտյան երկրները խոսում են կանոնների վրա հիմնված աշխարհակարգի, միջազգային իրավունքի մասին։ Եթե ռազմական ագրեսիան կարողանա փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը, նշանակում է՝ միջազգային հանրությունը ընտրողական վերաբերմունք ունի տարբեր հարցերի նկատմամբ։ Օրինակ, Ուկրաինայում մեկ բան է հայտարարում, մեր տարածաշրջանում՝ այլ»։
Մարիամ Սարգսյան