«Դիմադրության» շարժման ներկայացուցիչները պարբերաբար հայտնվում են տարբեր միջադեպերի կիզակետում։ Ընդդիմադիր ակտիվիստների ու իշխանության համակիրների միջև բախումներ են լինում. վերջին միջադեպը Գյումրիում էր։
Radar Armenia-ի հետ զրույցում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը նշեց, թե այս ամենը պայմանավորված է անհանդուրժողականությամբ, զսպվածության բացակայությամբ, մյուսների իրավունքները չհարգելով և բազմաթիվ այլ գործոններով. «Հայաստանում կուսակցությունները դեռևս կայացած չեն և ինչ անում են, անում են այն չափով, որքանով կայացել են, այսինքն՝ կիսատ-պռատ, դրա պատճառով էլ լինում են նման միջադեպեր»։
Գյումրիի միջադեպի մասին խոսելիս՝ իրավապաշտպանն ասաց. «Գյումրիում տեղի ունեցածը պետք է քննվի իրավական հարթությունում։ Հույս ունեմ՝ ոստիկանությունը կկարողանա կոնկրետ այս դեպքում հետևողական լինել և պարզել բոլոր հանգամանքներն ու բխող հետևանքները»։
Անդրադառնալով սադրանքների մասին խոսակցություններին՝ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այդ միջադեպերն ավելի շատ ինքնաբուխ բնույթ ունեն. «Դրա պատճառը ևս այն է, որ Հայաստանում քաղաքական դաշտ չի ձևավորվել. այս հուզական ու տղայական բռնկումները հենց դրա պարզ արտահայտումներն են»։
Մարտիրոսյանը նշեց, որ կարևոր չէ՝ միջադեպը Գյումրիո՞ւմ է, թե՞ Հայաստանի այլ բնակավայրում, խոսքը տարեցների՞, թե՞ երիտասարդների մասին է, այս միջադեպերը ցույց են տալիս, որ մեզ մոտ անհանդուրժողականությունն ուրիշի կարծիքի նկատմամբ կարող է ինչ-որ արտահայտումներ գտնել և վերածվել նաև բռնարարքների։
Ոսկեհատ Պողոսյան