Ընդդիմադիր ուժերը, թեև հայտարարում են հանրային համերաշխության մասին, բայց իրենք են փորձում բաժանել կողմնակիցների ու յուրայինների՝ հայտարարելով. «Ով մեր հետ չի, Նիկոլ ա», «Ով կմիանա հավաքին, թող միանա, ով չէ՝ ջհանդամին» և այլն։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն, անդրադառնալով այդ հանգամանքին, նշեց՝ նման բառապաշարի օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում, և այդ մասին ընդդիմության ղեկավարներին զգուշացվել է։ Հիմա, ըստ Բադալյանի, ընդդիմադիրներն այլևս նույն արտահայտությունները չեն կրկնում և փոխել են հռետորաբանությունը. «Նրանց շատ խիստ զգուշացրեցինք, որ դա հաջողություն չբերող և բաժանարար բառապաշար է»։
Ընդդիմադիրներն իրենց շարժումը բաժանում են փուլերի, որոնց հռետորաբանություններին անդրադարձավ Արմեն Բադալյանը. «Առաջին փուլը, ինչպես իրենք են ասում, «լաոյի» արծարծման փուլն էր, երբ պետք էր, որ հասարակության ակտիվ մասը շարժիչ ուժ դառնար, դրա համար իրենց հռետորաբանությունը այդ փուլում բավականին ճիշտ էր։ Դա ապրիլի սկզբի օրերն էին, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը գնաց հրապարակ, նստացույց սկսեց, մինչը քաղաք մտան «Դիմադրության» շարժման շարասյուները։ Այդ փուլի համար հռետորաբանությունը ճիշտ էր»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ արդեն եկել է մի փուլ, երբ ընդդիմադիրների հռետորաբանական և երաժշտական ուղերձները պետք է փոփոխման ենթարկվեն. «Հիմա արդեն ուրիշ փուլ է, այլ բովանդակություն ու երաժշտություն է անհրաժեշտ, որն այս պահի դրությամբ դեռևս չկա»։
Բադալյանը համոզմունք հայտնեց՝ բողոքի ցույցերը լարված չեն. «Իրենց մոտ այլևս լարումներ չկան, այդ մի քանի բաժանարար արտահայտություններն էին, որոնք դուրս մղվեցին, հիմա շատ սովորական, նորմալ քաղաքական գործընթաց է, որը, եթե գրագետ աշխատեցին, տանելու է իշխանափոխության»։
Վերջին օրերի միջադեպերի հետ կապված՝ Բադալյանն ասաց. «Քանի որ իշխող թիմը չի կարողանում այս գործընթացի դեմ ինչ-որ ձևով ազդել, որոշակի մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են օգտագործում, այսինքն, ցույց են տալիս ամբողջ տեսարանի մի հատված»։
Բադալյանի խոսքով՝ գյումրեցի ծերունիներին ծեծելու տեսանյութում տեսնում ենք միայն ծեծելու հատվածը, իսկ մինչև այդ թե ինչպես են նույն պապիկները հայհոյել այդ երիտասարդներին կամ ձվերով խփել մեքենաներին՝ տեսանյութում չկա. «Իշխանությունները դիմում են մանիպուլյացիոն տեխնոլոգիաների, որոնք լարում չեն, ուղղակի պետք է ամբողջ տեսարանով դիտարկել։ Հատվածներով երբ նայում ենք, թվում է՝ ինչ-որ խեղճ ու կրակ պապիկներ են կանգնած, որոնք հալածանքի են ենթարկվում։ Բայց իրականում խեղճ ու կրակ պապիկներ չեն, նրանք միտումնավոր էին այդտեղ եկել, ու շատ տարօրինակ էր, որ ոստիկանությունը չէր տեսել նրանց ձեռքերի ձվերը, որոնցով հարվածում էին մեքենաներին։ Դա ոչ ճիշտ պայքարի մեթոդ է, բայց ամբողջ աշխարհում ընդունված մանիպուլյացիոն տեխնոլոգիա է։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է օգտագործում՝ փորձելով կասեցնել ընդդիմադիր շարժման գործողությունները»։
Մեր հարցին, թե արդյոք մարդկանց արարքները արդարացնում են բռնությունները, Բադալյանը նշեց. «Չէ, չի կարելի արդարացնել, երբ պապիկները հայհոյում էին երթն իրականացնող վարորդներին ու ձու էին շպրտում մեքենաների վրա, ոստիկանությունը անմիջապես պետք է կանխեր այդ գործողությունները»։
Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ ժողովրդավար երկրներում ոստիկանությունն անմիջապես բռնարարքներին կարձագանքեր, բայց քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ և 30 տարի չի եղել, բնականաբար, բռնարարքներն անպատիժ են մնում։
Այս ամենից զատ՝ Բադալյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների՝ ընդդիմադիրների շարժմանը մասնակցելուն։ Բադալյանի կարծիքով՝ նրանց ներկայությունը ոչ մի ազդեցություն չի ունենում. «Որովհետև այն մեղադրանքները, որոնք կային հատկապես երկրորդ նախագահին ուղղված, թե 4 մլրդ թալանել է, ու պետք է վերադարձվի պետությանը, 4 տարի անց տեսնում ենք, որ ոչ մի վերադարձ չի եղել, այսինքն, սա փաստում է, որ ոչ մի թալան չի եղել, ուրեմն՝ սուտ են ասել»։ Սերժ Սարգսյանին անդրադառնալով՝ Բադալյանը նշեց. «Երրորդ նախագահն ասել է, որ ինքը այլևս պաշտոն չի զբաղեցնելու, բացի դա էլ՝ ինքը բարձր վարկանիշ էլ չունի, այսինքն՝ նրա Ֆրանսիայի հրապարակ գալը «ոչ սառն է, ոչ՝ տաք», ոչնչով ոչ նպաստում է, ոչ էլ՝ վնասում»։
Ոսկեհատ Պողոսյան