Քաղաքական

«Այս պահին չկա ժամանակավոր կառավարություն ստեղծելու միջավայր». Միքայել Նահապետյան

«Այս պահին չկա ժամանակավոր կառավարություն ստեղծելու միջավայր». Միքայել Նահապետյան

Մայիսի 9-ին «Դիմադրության» շարժման հերթական հավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր իշխանափոխությունից հետո ժամանակավոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նրա մեկնաբանմամբ՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնելու են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը, անդրադառնալով Սաղաթելյանի հայտարարություններին, նկատեց. «Առհասարակ, որևէ ձևի կառավարություն ունենալու համար պետք է այդպիսի կառավարություն ձևավորելու հնարավորություն լինի»։

Ըստ Նահապետյանի՝ նոր կառավարություն ունենալու հնարավորությունը կախված է Հայաստանում կառավարող ուժի փոփոխությունից. «Քանի դեռ չկա կառավարող ուժի փոփոխություն, իմաստ էլ չեմ տեսնում քննարկել որևէ ֆորմատի կառավարության ձևավորման, անդամների և այլ հարցեր»։

Նրա խոսքով՝ նման փոփոխություն լինելու համար պետք է նախաձեռնվող գործընթացները հստակ լինեն՝ ով, ինչի համար, ինչպես, ինչ մեթոդներով։

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, որ իշխանափոխության հասնելու համար պետք է մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները՝ Նահապետյանը հիշեցրեց, որ անհնազանդությունները գործող կառավարության գործունեությունը որևէ ժամանակում պարալիզացնելու միջոց են. «Ցանկացած երկրում մարդիկ անհնազանդություն են անում իշխանությունն արգելակելու և երկրում կառավարման նոր վիճակ, միջավայր ստեղծելու համար։ Բայց որպեսզի դրանք հաջողեն, պետք է հստակ լինի՝ ինչ իրավաքաղաքական հարցեր են դրված սեղանին»։
 
ՔՈ անդամի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դրված իրավաքաղաքական հարցը հստակության խնդիր ունի. «Անհնազանդությունը կոճակով չի աշխատում։ Եթե դա հնարավոր լիներ այնպես, ինչպես դավադրապաշտներն են նշում, իբր կան սուպեր տեխնոլոգներ, սուպեր-խելացի աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք կոճակը սեղմում են, և միլիոնավոր մարդիկ փողոց են լցվում, այդ նույն աշխարհաքաղաքական կենտրոններում ամիսը մեկ կառավարություն կփոխվեր։ Հարցերի դրվածքն է որոշում անհնազանդությունների լինել-չլինելն ու դրանց արդյունավետությունը»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական