ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Radar Armenia-ի հետ զրույցում «իրենց վայ փրկիչներ հռչակած ընդդիմադիրների ճղճիմ քայլ» որակեց մայիսի 8-ին ընդդիմադիր ակտիվիստների ու քաղաքացիների միջև Գյումրիում տեղի ունեցած վիճաբանությանը։
Հիշեցնենք` կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Էմմա Պալյանի խոսքով՝ այս ամենը այն վերաբերմունքի հետևանքն էր, ինչին այդ «վայ-փրկիչներն» արժանացան Շիրակում. «Տեսան, որ, ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր, Շիրակն ու Գյումրին վերջնական մերժել են նախկիններին։ Չհամակերպվելով այդ իրականության հետ՝ փորձել են իրենց «ուժը» ցույց տալ՝ պապիկների վրա հարձակվելով։ Ընդդիմությունն ուղղակի այդ քայլով ցույց է տալիս իր խեղճությունն ու ողորմելի վիճակը։ Հաջորդ անգամ Շիրակ այցելելուց առաջ թող շատ երկար մտածեն։ Ես իրենց կհորդորեմ այլևս չմոտենալ շիրակցուն, գյումրեցուն, որովհետև գյումրեցին իր ընտրությունը կատարել է 2018-ին և տեր է այդ ընտրությանը։ Մինչև այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին և շարունակելու է կանգնել։ Ավելին, շատ քաղաքացիներ այդ հավաքին ըննդիմությանն ասել են հետևյալ միտքը՝ «2018-ին մենք մեզ փրկել ենք ձեզնից»»։
Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի այն պնդմանը, որ թեև բռնությունն անընդունելի է, բայց նշված քաղաքացիները հրապարակ են գնացել հավկիթներով, դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներն են տվել, իշխանական պատգամավորն ասաց, թե դա արդարացում է. «Բնականաբար, փորձելու էին ամեն ինչ անել, որ մեղքը գցեն քաղաքացիների վրա՝ չմոռանալով այդ ընթացքում շեշտել, թե բռնությունն անընդունելի է, և սա այն դեպքում, երբ իրենք են բռնություն կիրառողը։ Տարիներ շարունակ իրենք են բռնությամբ եկել իշխանության, բռնությամբ շարունակել իրենց թալանը։ Հրապարակված տեսանյութում չկան հավկիթներ, չկան կադրեր, որ քաղաքացիներն են ագրեսիվ վարք դրսևորում։ Ավտոերթի մասնակիցները մեքենաներից իջնում ու սկսում են հարվածել կանգառում կանգնած քաղաքացիներին։ Արդարացումը չի ստացվելու, բոլորս ճանաչում ենք իրենց, իրենց ձեռագիրը չի փոխվել։ Գործողություններն էլ ցույց են տալիս, որ չի էլ փոխվելու»։
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդմանը, թե Գյումրիում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, պատգամավորը հակադարձեց. «Թատերական հրապարակում եղածների մեծ մասը եկել էին Երևանից՝ իրենց թանկարժեք ավտոմեքենաներով։ Գյումրեցի, շիրակցի գրեթե չի եղել Թատերական հրապարակում։ Դրանք պատրանքներ են, որ փորձում է ստեղծել ընդդիմությունը։ Շիրակցու կողմից իրենք մերժված են ու մերժվելու են միշտ»։
Մարիամ Սարգսյան