Քաղաքական

Վերահաստատվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության առանցքային դերը` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Վերահաստատվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության առանցքային դերը` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Մայիսի 6-ին Վիլնյուսում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լիտվականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասը:

Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

Կողմերը քննարկել են նաև հայ-լիտվական ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ տնտեսական, գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ գործընկերությունը, քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Վիլնյուս այցելության շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի նախագահի խորհրդական Սկիրմանտե Ստրաիգիենեի և վարչապետի խորհրդական Գալինա Վասցենկայտեի հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական