ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մերժել էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ հեռուստաբանավեճի հրավերը: Օհանյանը նշել էր, թե «հասարակությունը գիտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մոտեցումները»։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, մեկնաբանելով Օհանյանի կողմից բանավեճի հրավերը մերժելը, նշեց՝ ընդդիմությունը խուսափում է, որովհետև ասելիք չունի: Ըստ Պապոյանի՝ իրենք չեն ուզում հավատալ, թե Սեյրան Օհանյանը վախեցել է, ինչը ՀՀ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության համար պատվաբեր չէ. «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցությունը, մյուսները որևէ բովանդակային ասելիք չունեն, և նրանց նպատակը իշխանության վերազավթումն է, և այդ կարգախոսները կամ հայրենասիրական պաթոսախառն կոչերը, որ հնչեցնում են հրապարակներում, իրականության հետ կապ չունեն, և նրանք գիտեն, որ բովանդակային բանավեճի ժամանակ այդ ամենը կբացահայտվի, և իրենք ոչինչ չեն ունենա պատասխանելու»։
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ գրել էր՝ «ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, և հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը»։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ երբ մեկը որևէ բան է ասում, նշանակում է՝ բանավեճի ֆորմատը չի սպառվել. «Եթե վստահ ես քո ասած ճշմարտության մեջ, պետք է գնաս բանավեճի և քո ճշմարտությունը ապացուցես, առավել ևս՝ որ մենք չենք վախենում ժողովրդի դատին ներկայանալուց»։
Հարցին, թե, այնուամենայնիվ, կարիք կա՞ գործընթացները տեղափոխել տաղավարային կամ բանավեճային ֆորմատ, պատգամավորը նշեց. «Երկու տաբերակ կա՝ կա՛մ իրենք պետք է այդ ճանապարհով գան, կա՛մ փողոցում մի քանի օր էլ մնան, իսկ բողոքի ակցիաները կամաց-կամաց մարում են, ամեն հաջորդ օր ավելի քիչ մարդ է մասնակցում, քան նախորդ օրը. ժողովուրդը իրենց չի միանում»։
Անուշ Մկրտչյան