Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հոդվածում նշել է, որ կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է կապիտուլյացիայի ակտը: «Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ, թեկուզ, Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին». ուրվագծել էր նախագահը։
Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահի մտքին՝ ՔՈ կուսակցության ԳՄ անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանն ասաց, որ դա շատ տրամաբանական է. «Այդ մասին պատերազմից հետո համարյա բոլորս էլ ասում էինք. հո Նիկոլ Փաշինյանն անձնապես չպարտվե՞ց, ինքը չէր խրամատում կռվում, չէ՞, պետությունն էր կռվում»։
Սահակյանն ընդգծեց՝ պետությունն է պարտվել, որովհետև մենք պարտվել ենք ոչ միայն խրամատներում. «Պարտվեցինք մեր լոգիստիկայում, թիկունքում, Երևանում պարտվեցինք, բոլոր ոլորտներում պարտվեցինք։ Պատերազմը ցույց տվեց մեր պետության բոլոր բացերը՝ սկսած ազգային անվտանգությունից։ Միակ բանը, որ պատերազմի ժամանակ երևում էր, քաղաքացիների ինքնակազմակերպման բարձր որակներն ու ունակություններն էին, որոնք դրանից առաջ էլ գիտեինք, հետո էլ»։
Մեր հարցին, թե կառավարող ուժի փոփոխության արդյունքում ինչ-որ փոփոխություն հնարավո՞ր է՝ Սահակյանը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր հիմա պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, եթե իրենք գան, բնականաբար, ոչ մի փոփոխություն չի լինելու։ Ինչպես բոլոր նախագահները, այնպես էլ այսօրվա կառավարող ուժը նույն քաղաքական համակարգի ծնունդն են, բոլորը նույն արտաքին քաղաքականությունն են վարում, դրա համար, բնականաբար, որևէ փոփոխություն չի լինելու»։ Քաղաքագետի կարծիքով՝ փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ ի հայտ գան նոր քաղաքական ուժեր՝ նոր ասելիքով, նոր լուծումներով, ու երբ այդ նոր ուժերից մեկը դառնա կառավարող։
Անդրադառնալով ընդդիմադիրների բողոքի ակցիաներին՝ Հայկ Սահակյանը նշեց, որ ցույցերը գնալով մարում են, որովհետև ասելիք չկա. «Նրանք ասելիք չունեն, այդ պատճառով քաղաքացիների ավելի մեծ թիվ, որ իրենք էին մատնանշել, չեն կարողանում հավաքել իրենց շուրջ»։
Սահակյանի կարծիքով՝ հավաքվել են 5-10 հազար մարդ, ինչը հեղափոխություն անելու համար պատկառելի թիվ է. «Դա արդեն իսկ մեծ թիվ է՝ հստակ պահանջ ներկայացնելու և գործողություն անելու համար։ Թե ինչու չեն կարողանում, դա արդեն կախված է կազմակերպիչների որակից»։
ՔՈ կուսակցության անդամը հիշեց. «Երբ քաղաքացիական ինչ-որ անհնազանդություն կար, ինչ-որ ցույցեր էին կազմակերպվում, տարբեր շարժումների ժամանակ մենք երբեք 5-10 հազար մարդ չենք հավաքել, մի քանի տասնյակ մարդկանցով այդ խնդիրը լուծել ենք։ Մարդու քանակը պրոցեսի որակի վրա չի ազդում, մեծ հաշվով։ Ասելիքը, բովանդակությունն է որոշում պրոցեսի հաջող կամ անհաջող լինելը։ Իսկ նրանք ասելիք չունեն։ Ի՞նչ են ասում։ Օրինակ, «ո՛չ թրքացմանը»։ Դա ո՞րն է, ի՞նչ են հասկանում դրանով, վաղը բոլորը սկսելու են թուրքերե՞ն խոսել, թուրքերե՞ն մտածել։ Անկապ բան են խոսում։ Կամ իրենք որևէ այլընտրանք առաջարկո՞ւմ են։ Ոչ, ուղղակի խոստում են տալիս, ոնց դրանից առաջ էին անում, թե՝ «գանք՝ լավ կլինի», բայց այդ լավ լինելը ի՞նչ է ենթադրում, ո՞նց է լինելու դա, ոչ մի բան չեն ասում, հստակ ոչինչ չկա, դրա համար էլ այս ամենը, այս խեղկատակությունը մարելու է, գնա»։
Ոսկեհատ Պողոսյան