ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես էր եկել հրապարակմամբ՝ նշելով, որ «Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Արման Գալոյանը, անդրադառնալով այս թեմային, նշեց. «Նախագահ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պետական գործչի խոսք էր։ ՀՀ առաջին նախագահը մշտապես ցույց է տվել, որ ինքը մեծ պետական գործիչ է, որն իսկապես մտածում է պետության մասին, երկրի ճակատագրի մասին։ Եթե իշխանությունն ու ընդդիմությունը դյուզն ինչ մտածում են Հայաստանի մասին, ապա պետք է անհապաղ նստեն երկխոսության սեղանի շուրջ, այլ ոչ թե ավելի կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Ցավոք, երկու ճամբարներից հնչող ելույթները լավատեսության որևէ հույս չեն ներշնչում, քանի որ երկուսն էլ մեկ գերնպատակ ունեն իրենց առաջ՝ ջախջախել միմյանց։ Հիշեք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը. խորհրդարանական երեք խմբակցություններն ԱԺ-ում են հայտնվել հենց իրար ջախջախելու խոստումների դիմաց՝ մեկը խոստանում էր մինչև քոքը մաշեցնել, մյուսը մուրճ էր ճոճում ու պողպատե մանդատից խոսում և այլն։ Միայն թե, այս ամենի արդյունքում տուժում է երկիրը, տուժում է պետությունը»։
Ընդդիմադիրները, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի առաջարկին, հայտարարել էին, թե իշխանությունների հետ չեն գնա երկխոսության։ Գալոյանի խոսքով. «Փողոցում հայտնված ընդդիմությունից, մասնավորապես, ՀՅԴ-ականներից այլ բան չէր կարելի սպասել. այդ կուսակցության ներկայացուցիչների համար թիկունքից հարվածներ հասցնելը վաղուց դարձել է սովորություն. Եթե չեք մոռացել, 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին ՀՅԴ-ականները հանրահավաքներ էին կազմակերպում Երևանի կենտրոնում, պահանջելով իշխանությունների հրաժարականը, և այդպես երկրում ստեղծված իրավիճակն ապակայունացնելու փորձեր անում։ Այնպես որ, նրանց համար Հայաստանը, պետությունը, պետականությունը երբեք առաջնային չեն եղել»։
Գալոյանը նաև հիշեցրեց, որ երկրի համար կարևոր պահերին Տեր-Պետրոսյանը մշտապես հանդես է եկել սթափեցնող կոչերով՝ առաջին պլանում դնելով պետությունը, պետականությունը։
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքերին՝ Գալոյանը հակադարձեց. «Արցախի հարցում Տեր-Պետրոսյանին զիջելու մեջ մեղադրում է մի ուժ, որի ներկայացուցիչները 20-րդ դարասկզբին իրենց արկածախնդրության արդյունքում պետության զգալի մասը հանձնել են թուրքերին: Իսկ ՀՀ առաջին նախագահի իշխանության օրոք մենք հաղթանակ ենք տարել պատերազմում, չնայած այդ տարիներին երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների ու մարտահրավերների»։
Գալոյանը հիշեցրեց, որ 1998թ. «պետական հեղաշրջումից հետո» բոլոր իշխանությունները, իսկ ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ ու ստանձնել պատասխանատվություն, բանակցել են խնդրի լուծման շատ ավելի վատ տարբերակների շուրջ, քան առաջարկվել էր 1997-98թթ։ «Մեջբերեմ Տեր-Պետրոսյանի՝ ավելի վաղ ասված խոսքերը։ «1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը»։ Այնպես որ, այսօրվա իրավիճակի համար խորհրդարանական ընդդիմությունը պատասխանատու է նույնքան, որքան իշխանությունը»,- եզրափակեց նա։