Քաղաքական

«Ռուսաստանը Հայաստանի սպառնալիքների գլխավոր գեներատորն է». Մեհրաբյան

«Ռուսաստանը Հայաստանի սպառնալիքների գլխավոր գեներատորն է». Մեհրաբյան

Իսրայելական Jerusalem Post պարբերականը, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել է, որ երկու կողմն էլ դաշնակիցներ է փնտրում՝ պատրաստվելով պատերազմի ամենավատ փուլին։ Խոսելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից՝ պարբերականը նշել էր, որ «Հայաստանը, ըստ էության, Ռուսաստանի աշխարհաքաղաքական պատանդն է»։

Այս կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

- Պարոն Մեհրաբյան, ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է համարվել Ռուսաստանի առաջին դաշնակիցը։

- Հայաստանն արդեն այնպես է դիրքավորվել, որ այս պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ և չի կարող լինել։ Իսկ մնացածը՝ ռուսներն ինչ են ուզում, ինչ չեն ուզում, իրենց խնդիրն է։ Ռուսները այսօր վարում են հանցավոր պատերազմ Ուկրաինայի դեմ, և Հայաստանը դրա մեջ թաթախվելու որևէ մտադրություն չունի և չպետք է ունենա։

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Jerusalem Post-ի գնահատականը, թե Հայաստանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական պատանդն է: Արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի՝ հրաժարվել այդ դերից:

- Հնարավորություն ունի՝ ռուսներին ուղարկելով իրենց համար շատ հայտնի հասցեով…

- Իսկ գործողությունների՞ մակարդակով։

- Գործողությունների մակարդակով՝ նույնը, բնականաբար։ Միայն՝ ոչ բառացի։

- Բայց Ռուսաստանը հանդես է գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, ու երկրների պաշտպանական համակարգերը հիմնականում ինտեգրված են։

- Չկա նման բան։ Ռուսաստանը Հայաստանի սպառնալիքների գլխավոր գեներատորն է, ոչ թե՝ անվտանգության երաշխավորը։

- Պատերազմում ուկրաինական ուժի ազդեցությամբ Ռուսաստանի թուլանալու դեպքում Հայաստանը կարո՞ղ է ճնշման բախվել։

- Հայաստանը պետք է շարունակի իր քաղաքականությունների դիվերսիֆիկացիան և, այսպես ասած, փոխի իր շրջապատը։ Հայաստանը «վատ շրջապատ» է ընկել, և դրա հետևանքներն ամբողջությամբ քաղել, այդ բորշը կերել ենք մինչև վերջ. ինչպես ասում են՝ հայի ախորժակ։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական