Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները երրորդ հանդիպումն անցկացրին Վիեննայում։ Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։
- ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայի երրորդ հանդիպման ժամանակ ունեցել են տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում, քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` առաջընթացի հասնելու համար։ Սա՝ ըստ հաղորդագրության։ Ձեր կարծիքով՝ նշված շոշափելի առաջընթացն արդյո՞ք ռեալ է այսօր։
- Այս հանդիպումները, կարծում եմ, գործընթացն ու ձևաչափը պահպանելու համար են առայժմ։ Կարելի է ասել, որ Երևան-Անկարա երկխոսությունը տեղավորվում է նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետի շրջագծում։ Անկարան շարունակում է փոխկապակցել այս գործընթացը Երևան-Բաքու բանակցությունների սկսման և, հատկապես, սահմանազատման-սահմանագծման առաջադրանքի հետ։
Նորությունն այստեղ այն է, որ Անկարան այժմ պաշտոնապես հայտարարեց Հայաստան-Թուրքիա սահմանագծման պահանջի մասին։ Սա խոսում է դասական նախապայմանների կարևորագույն կետի մասին՝ Կարս-2 կամ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։
Արցախյան տարածքներից հայկական զորքերի հեռացումը, որպես դասական նախապայման, Անկարայի և Բաքվի համար որոշակիորեն իրականացվել է պատերազմով։ Հիմա թուրքական կողմը բարձրացնում է տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը։ Իհարկե, տարբեր խնդիր է միջազգային կազմակերպությունների համատեղ անդամակցեությամբ անուղղակի ճանաչումն ու ուղղակի երկկողմ պայմանագրով տարածքային ամբողջականությունների փոխճանաչումը։ Հիմա դրա նախաբանն է, որը ձևակերպեց Թուրքիան։
- Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Միջնորդների մրցապայքարի կոնտեքստը պարզ է։ Իրապես, ԵԱՀԿ-ի անդամալուծումից հետո աշխատում են միջնորդական առաքելություններ, նախ, իհարկե, Մոսկվան, որը հիմա այլ առաջնահերթություն ունի, երկրորդը՝ Անկարան, որը Երևանի հետ երկխոսությունը փոխկապակցում է Երևան-Բաքու բանակցություններով, և Բրյուսելը, որը ակտիվություն է ցուցաբերում՝ եռակողմ հանդիպումներ հրավիրելով։
Բրյուսելի ակտիվությունը մեկնաբանվում է ԱՄՆ-ի ներշնչանքի, պատվերի առկայությամբ, իսկ հիմա պաշտոնական Վաշինգտոնը հետզհետե միջնորդական վերադարձի նախադրյալներ է հայտարարում։ Ստացվում է, որ միջնորդական մրցապայքարում՝ մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը, արանքում՝ Անկարան։ Ըստ էության, տարբաղադրված ԵԱՀԿ-ն է, որը հիմա անջատաբար է աշխատում։
- Այնուամենայնիվ, արդյո՞ք տարածաշրջանում հիմնական դերակատարներին ձեռնտու է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
- «Տարածաշրջանային ուժեր» ասելով, եթե Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հասկանանք իբրև գլխավոր խաղացողներ, Ուկրաինայի պատերազմից հետո փոխվել է տարածաշրջանային համապատկերը։ Ստատուս քվոն կարող է հիմնովին փոխվել Ուկրաինայի պատերազմի արդյունքներից հետո։ Եթե բախվեն ռուս-թուրքական շահերը, ինչը որոշակիորեն տեսանելի է, ապա կձգձգվեն Երևան-Անկարա և Երևան-Բաքու երկխոսությունը կամ բանակցությունները։ Չեմ կարծում, որ նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականաgմամբ խանդավառ է Իրանը։ Պատերազմի արդյունքներից կախյալ է նաև 3+3-ի գործարկման հավանականությունը։
Անուշ Մկրտչյան