Քաղաքական

«Քաղաքական ճգնաժամի սրացման փուլ է». քաղաքագետ

«Քաղաքական ճգնաժամի սրացման փուլ է». քաղաքագետ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՀՀ-ում բավական վաղուց ներքաղաքական ճգնաժամ կա, թեև իշխանությունը հայտարարում էր, թե քաղաքական ճգնաժամն արտահերթ ընտրություններում լուծվել է։ Radar Armenia-ի հետ զրույցում Ղևոնդյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները հնարավորություն էին՝ հետագայում բարեփոխումների ու այլ գործողությունների միջոցով լուծելու այդ ճգնաժամը, ինչը, սակայն, իշխանությունը չի արել և շարունակում է չանել. «Այդ պատճառով էլ քաղաքական ճգնաժամն ունենում է սրացման և հանդարտվելու փուլեր, այս պահին սրացման փուլերից մեկն է։ Ընդդիմությունը շատ լավ օգտագործում է այդ իրավիճակը՝ իր նպատակներին հասնելու համար։ Վերջինիս իրական օրակարգը հասարակության ավելի մեծ հատված գեներացնելն է, ինչը ժամանակի ընթացքում հնարավորություն կտա սեփական հնարավորություններն անընդհատ աճեցնել։ Սա կարող է ինչ-որ ժամանակ բերել նրան, որ իշխանության անգործության ֆոնին այս քաղաքական կոնտիգենտը կլինի միակ այլընտրանքը»։

Անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, թե իշխանության հետ կարող է քննարկում ունենալ միայն վերջինիս հրաժարականի հարցով, քաղաքագետն ասաց, թե ընդդիմությունը շատ բան կարող է պնդել, սակայն դրա համար անհրաժեշտ է մարդկային մեծ ռեսուրս: Ըստ Ղևոնդյանի՝ ընդդիմությունը չի տիրապետում այնպիսի մարդկային ռեսուրսի, որով կարողանա կրիտիկական զանգված հավաքել և իրականացնել իշխանափոխություն. «Ներկայում կատարվողն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ժամանակ կշարունակվի, հետո կմարի։ Չկա երկար ժամանակի ընթացքում նշված աստիճանի վրա ներքաղաքական ճգնաժամը պահելու ռեսուրս։ Կհանդարտվի, ինչ-որ նոր առիթի դեպքում նորից կսրվի, մինչև կա՛մ իշխանությունների հանցավոր անգործությունը կփոխվի, կա՛մ ընդդիմությունը կկարողանա հավաքել կրիտիկական զանգված, ինչը հնարավորություն կտա իրականացնել իշխանափոխություն»։

Հարցին՝ գործընթացը մարելու դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կվերադառնա՞ ԱԺ, կկարողանա՞ն իշխանությունն ու ընդդիմությունը միասին քաղաքական որոշումներ կայացնել, Ղևոնդյանն արձագանքեց, թե քաղաքական խաղը ենթադրում է տարբեր գործընթացներ, և դրանից է կախված նաև վերադարձը ԱԺ. «Այս ընդդիմությունն ԱԺ գնալիս չէր էլ թաքցնում, որ նպատակը ոչ թե աշխատելն է, այլ իշխանություններին խանգարելը։ Խորհրդարան վերադառնալը չի նշանակելու, թե գնալու են աշխատելու։ Նրանց գործողություններն ԱԺ-ում շարունակվելու են նույն տրամաբանության մեջ»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական