ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ հայտարարել է, թե ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է:
Ըստ Անդրեասյանի. «Պարզ է, որ մենք բոլորս որպես մասնագետներ հասկանում ենք, որ կարող է լինել խորհրդարանական մոդել որոշակի տարաբնույթ ձևերով, բայց միևնույնն է՝ ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարել և սյունը դնել ու ընտրել, թե որն է հիմքը, որից հետո գնալ այդ խառը ժամանակակից մոդելներին և լուծումներին: Այդ կապակցությամբ ես պաշտոնապես իմ անունից և նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելի շտկումների և բարեփոխումների իրականացմանը»։
Անդրեասյանը շեշտեց, թե այս դիրքորոշումը դեռևս կառավարության անունից չէ: Ըստ նրա՝ նախնական արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 4 անդամ որոշակի մասնագիտական վերապահումներով կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդի 1 անդամ նախագահական մոդելի կողմնակից է, անդամներից 3-ը բացակա են, 3-ը հրաժարվել են այս պահին դիրքորոշում արտահայտել. «Այս ամփոփումը ոչինչ չի կանխորոշում: Ես ուղղակի ուզում եմ պարբերաբար մեզ համար ինչ-որ ամփոփումներ անենք, որ մեր հանրությունը տեսնի՝ ինչպես են փոխվում մեր մոտեցումները մասնագիտական քննարկումներից հետո»: