Այսօր Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է եղել ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
Radar Armenia-ի հետ զրույցում Աղազարյանը պատմեց. «Ես մտնում էի սրճարան, դրսում ևս սեղաններ կային դրված։ Առաջին սեղանի մոտ, որի կողքով ես պետք է անցնեի, որ ներս մտնեի, նստած էին երկու հոգի՝ մեկը երիտասարդ էր, մյուսը՝ համեմատաբար տարիքով։ Երիտասարդն ասաց, որ ես գնամ ուրիշ տեղ նստեմ, որովհետև իր ախորժակը փակվում է: Ես հարցրի իմ անձը, թե մեր թիմակիցներին, ինքն ասաց, որ մեզ տեսնելիս իր ախորժակը փակվում է։ Ես էլ համապատասխան կոշտ արձագանքով հակադարձեցի»։
Հովիկ Աղազարյանը հարկ չհամարեց մեջբերել իր հնչեցրած խոսքը, բայց նշեց, որ դրանից հետո տարեց մարդը բացականչել է՝ «ինչ ասացիր», իսկ երիտասարդն էլ տեղից վեր է կացել, ասել՝ «Դու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր ես, ոնց ես խոսում» ու նման բաներ, իսկ Աղազարյանը՝ «Ասացի՝ նորից եմ ասում, էլի նույն ձևով կխոսես՝ նույն ձև էլ կստանաս պատասխանը»։ Իսկ հետո քաղաքացիները բաժանել են, որ միջադեպը չխորանա։
Աղազարյանը հերքեց տարածված լուրերը, թե շշով հարվածել են իրեն, վստահեցրեց՝ նման բան տեղի չի ունեցել:
Անդրադառնալով քաղաքում իրար հաջորդող միջադեպերին՝ կապված դերասան Սոս Ջանիբեկյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ՝ Աղազարյանն ասաց. «Դրանք ընդդիմության վայ ներկայացուցիչների, համակիրների ջղաձգումներ են, որովհետև իրենց ձեռնարկած բոլոր քայլերում ֆիասկո են ապրում, հետևաբար նմանատիպ ջղաձգումներ կլինեն»։
Պատգամավորը չբացառեց, որ կարող է որևէ քաղաքացու հանդիպել, ով անկեղծորեն իր վրդովմունքը կարտահայտի խիստ տոնով, նման իրավիճակում ինքը նույնիսկ չի պատասխանի. «Բայց երբ տեսնում ես, որ դիմացինդ դա անում է հատուկ նպատակով, ինչ-որ բան հետապնդելով՝ չի կարելի չարձագանքել»։
Պատգամավորը հիշեց. «Եղել է՝ ինձ վիրավորական խոսք է ասել մի աղջիկ, ես ոչ մի բառ չեմ արտահայտել, որովհետև ես չեմ գտել, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ ինչ-որ մեկի ուղարկած մարդն է։ Ես հասկացել եմ, որ այդ աղջիկը ինքն է այդպես մտածում։ Տարբեր են լինում իրավիճակները: Երբ նայում ես մարդու աչքերի մեջ՝ տեսնում ես, թե ինքը ի՞նչ նպատակ է հետապնդում, չարություն կա, անհանգստություն կա, հենց սադրանքի էլեմենտ կա։ Պետք է սա հասկանալ ու համապատասխան պատասխանել»։
Ոսկեհատ Պողոսյան