Քաղաքական

«Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է հանցավորության մեջ կասկածվողներին նույնացնի օրինական իշխանության հետ». Խաչատրյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է հանցավորության մեջ կասկածվողներին նույնացնի օրինական իշխանության հետ». Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համաձայն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն գնահատականին, թե ընթացիկ ներքաղաքական առճակատումը ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում. «Համաձայն եմ իր հետ, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը շարունակում են վնասել հայկական պետականությունը։ Դա նոր չէ, արդեն 23 տարի դրանով են զբաղված։ Նրանք շարունակում են վնա տալ ՀՀ պետականությանն ու Արցախին»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մտավորականությանն ուղղված կոչին, թե պետք է միջնորդի դեր կատարել կողմերի միջև, Խաչատրյանն ասաց՝ լավ կլիներ՝ առաջին նախագահն իր նախաձեռնությամբ այդ մտավորականությանը համախմբեր և իր գլխավորությամբ փորձեր միջնորդություն անել։

Այդուհանդերձ, Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ այդ միջնորդությունն արդյունք չի տա. «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն, իրենց քաղաքական երկու աղախիններով՝ ի դեմս հանրապետականների և Դաշնակցության, մտահոգված չեն ՀՀ-ի ու Արցախի ապագայով, որպեսզի իրենց հետ համաձայնության գանք։ Նրանք մտահոգված են իրենց թալանածը փրկելու հարցով, և դժվար կամովին բերեն, հանձնեն։ Նրանք շարունակելու են այս քայքայիչ գործունեությունը։ Հետևաբար, Տեր-Պետրոսյանը պետք է ոչ թե կոչ անի մտավորականությանը, այլ՝ ժողովրդին, որ հեռու մնան այդ նյութապաշտներից, և չփորձի այդ շատ կասկածելի, հանցավորության մեջ կասկածվող երկու ֆիգուրներին նույնացնել օրինական իշխանության հետ. դա Տեր-Պետրոսյանի կոպիտ սխալն է։ Չի կարելի համեմատել օրինավորին հանցագործի հետ»։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ փողոցային ակցիայի մասնակիցներին ընդդիմադիր չի համարում. «Ընդդիմադիր բառն ինձ համար տեղին չէ, իրենք ռևանշիստներ են, ընդդիմություն ՀՀ-ում կա, որի հետ իշխանությունը բանակցում է, քննարկում, հանդիպում։ Իսկ նրանց հետ խոսելիք չկա, ես համոզված եմ՝ նրանք նույն սեղանի շուրջ չեն նստի։ Իշխան Սաղաթելյանի լկտիությունը հասել է նրան, որ ՀՀ առաջին նախագահին «դու»-ով է դիմում, սա քաղաքական գործչի անընդունելի պահվածք է, որ խոսում է դաստիարակության մասին՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի դիրքն ու տարիքը»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական