Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված կալանքը, միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, Հովսեփյանի պաշտպանները միջնորդել էին փոխել նրա խափանման միջոցը և գրավի դիմաց ազատ արձակել նախկին դատախազին, մինչդեռ մեղադրող կողմը պնդել էր, թե ազատության մեջ գտնվելու պայմաններում Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) հատկանիշներով: