Քաղաքական

«Վրաստանն ակտիվ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում». վրացագետ

«Վրաստանն ակտիվ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում». վրացագետ

Երեկ միմյանցից առանձին աշխատանքային այցերով Վրաստանում էին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանք հանդիպումներ են ունեցել վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով այդ այցերին, նշեց, թե դրանք արդեն ավանդական են դարձել: «Հայաստանը և Վրաստանը, ունենալով տարբեր ակնկալիքներ՝ իրենց անվտանգային հարցերը լուծելու համար, տարբեր համակարգերի ձգտելով, ունեն համագործակցության ձևավորված օրակարգ, և այցի շրջանակում սպասելի էր, որ տարվա պլանը՝ համագործակցությունը, պետք է ստորագրվի։ Այստեղ կարևոր էր, որ հայկական կողմը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին՝ իր միջնորդության համար, և քանի որ անցյալ տարվա առաջին փորձը դրականով ավարտվեց՝ մեր 12 ռազմագերի տղաների փոխանցմամբ, և շատ կարևոր է, որ Վրաստանը՝ հանձին Իրակլի Ղարիբաշվիլու, հայտարարեց, որ այս ուղղությամբ պատրաստակամ են շարունակելու իրենց առաքելությունը՝ իրենց ներդրումը ունենալով տարածաշրջանի կայունացման և անվտանգության հարցում։ Այդ կոնտեքստում կարևոր է, որ կողմերը փոխանակվեցին տարածաշրջանային գործընթացի մոտեցումներով, որոնք բավականին բարդ են, և կան լուրջ մարտահրավերներ երկու պետությունների համար և այսպիսի այցերը նաև կարևոր են նրանով, որ հասկանանք՝ ինչ ռիսկեր կան և ինչ կարելի է անել, որ  անվտանգային միջավայրը մեր տարածաշրջանի շուրջ վտանգավոր չլինի։ Այս կոնտեքստում շատ ճիշտ է, որ հայկական մոտեցումն է ներկայացվում տարածաշրջանում խաղաղության մասով, բայց զուգահեռ ներկայացվել է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները, որպեսզի Վրաստանը նույնպես ներկայացնի իր մտահոգությունները»։

Ըստ Ջոնի Մելիքյանի՝ «Կա առաջարկ, որը ՄԱԿ-ի հարթակում հնչեցվեց՝ խաղաղ հարևանության նախաձեռնությունն է, ես դա կոչում եմ Թբիլիսյան պլատֆորմ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում վրացական այցերը ակտիվացել են, և վրաց պաշտոնյաները, Վրաստանի վարչապետը կրկնել են, որ Թբիլիսին առաջարկելու է իր պատրաստակամությունը Հայաստանին և Ադրբեջանին օրակարգային կարևոր խնդիրների շուրջ, որոնց հետ կապված բանակցային գործընթացները այլ հարթակներում են արվում, որ դրանք Վրաստանի պլատֆորմում քննարկվեն, ուստի կարելի է սպասել, որ մոտ ժամանակներում նաև Վրաստանը ևս իր հերթին ակտիվ կլինի այդ հարցերում»։

Վրացագետը նաև շեշտեց, որ պաշտպանության նախարարների այցերը միշտ տարվա սկզբին կամ տարվա վերջում են լինում. «Ադրբեջանի հետ նույն տիպի այցելություն եղել էր, և համագործակցության նույն տիպի փաստաթուղթ ստորագրվել էր, և սպասելի էր, որ նմանատիպ այց կլինի և կստորագրվի Հայաստանի և Վրաստանի միջև ևս»։ 

Նա առանձնացրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը՝ շեշտելով, որ նման այցեր քիչ են տեղի ունենում։ «Մյուս կողմից երևում է, որ բարդ ժամանակաշրջանում ենք ապրում. ուկրաինական ճգնաժամը ունի իր բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության միջավայրի վրա, ուստի կարևոր է, որ բոլոր օղակները ակտիվ լինեն, և եղած մարտահրավերները համատեղ ջանքերով կարողանանք հաղթահարել։ Ի վերջո, նույն խնդիրները մենք ուննեք և այստեղ բավականին կարևոր է, որ մեր քայլերը միմյանց հետ քննարկենք և փորձենք հասկանալ հարևան երկրի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, և դրանով իրենք դառնան մեզ համար կանխատեսելի»։ 

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական