Դատարանը քննում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորման հիմնավորման հարցը։
Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել է Աղվան Հովսեփյանի դատավարությունը. գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հովսեփյանի փաստաբանները միջնորդեցին փոխել ամբաստանյալի խափանման միջոցն ու նախկին դատախազին ազատ արձակել, ինչին, սակայն, դեմ արտահայտվեց մեղադրող կողմը։
Հովսեփյանը, դիմելով մեղադրող դատախազներին, հարցրեց՝ իրենք հավատո՞ւմ են արդյոք իրենց ասածներին։ Հովսեփյանը նշեց, թե դատախազներին ու քննիչներին ընդունում է որպես իր ընտանիքի անդամ, սիրում է նրանց, ակնկալում է, որ դատախազներն անշեղորեն կատարեն օրենքով իր վրա դրված պարտավորությունները, լինի անաչառ, անկողմնակալ, «Դուք պետք է հասկանաք, որ ոչ թե պետական մեղադրողներ եք, ինչը կար նախկին խորհրդային իշխանության ժամանակ, այլ հանրային մեղադրողներ, որոնք պաշտպանում են հանրային շահը։ Դուք պարտավոր եք դատաքննության ընթացքում, ինչպես նախաքննության ընթացքում, իրականացնելով ձեր լիազորությունները, ի հայտ բերեք և մեղադրող, և արդարացնող բոլոր հանգամանքները, դրանով իսկ կլինեք անաչառ»։
Հովսեփյանը հիշեցրել է, որ երեք տարի շարունակ ինքը հարցաքննվել է տարբեր քրեական գործերով, և ոչ մի անգամ չի խուսափել իրավապահներից, ավելին՝ հարցաքննություններին ներկայացել է 5-10 րոպե, այս ընթացքում էլ լուռ իր կալանքն է կրել մեկուսարանում, հետևաբար՝ ինքը չի թաքնվի դատարանից ու չի խոչընդոտի դատավարությանը, չի ներգործի դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես փորձում են ներկայացնել մեղադրողները։