ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե ընդդիմադիրների հանրահավաքի մասնակից որոշ քաղաքացիների մասին տեղեկատվությունը, որոնց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է փոխանցել Զինված ուժերին, ըստ նրա՝ այդ կարելի է ներգրավել պաշտպանական խնդիրների լուծման հարցում:
Հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում են Ոստիկանապետի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը և այլք, Քոչարյանն ասել է. «Արցախի պաշտպանության խնդիրը, համոզված եմ, Երևանի կենտրոնում չէ, որ պետք է կարգավորում ստանա: Մեր ԶՈՒ-ն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, առավել ևս տարիներ շարունակ մեզանում այդ խնդիրը բարձիթողի վիճակում է եղել, և 44-օրյա պատերազմը բացթողումներն այնքան ակնառու դարձրեց, որ մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար: Կարծում եմ, այստեղ անելիք ունենք, առավել ևս այս օրերի ընթացքում տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդներ ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը: Եթե նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր ԶՈՒ-ին»։
Քոչարյանը նաև նշել է. «Լավ կլինի, որ այդ ակցիաներն ավարտվեն մեր մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացմամբ: Ես գիտեմ, որ եռամսյա հավաքները սկսվել են, դրանք շարունակական են լինելու, բոլորս պետք է դրան մասնակցենք այն ցանկով և տրամաբանությամբ, որը օրենքի պահանջն է»:
Ըստ Քոչարյանի՝ այդ երիտասարդներին կարելի է ընդգրկել պաշտպանական խնդիրների լուծման հարցում, ԶՈՒ-ի անվտանգային խնդիրներին առնչվելիս՝ դրանով մասնակից լինելով երկրի սահմանների պաշտպանությանը, նպաստելով Արցախի պաշտպանական խնդիրների կատարմանը: