Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին և դրանք անհետաձգելի համարեց:
Նախագծերով առաջարկվում է՝ 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։ Պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագիծը ներկայացնելով, ասաց, որ առաջարկվող փաթեթը մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգն ավելի արդար և արդյունավետ դարնձնելու նպատակ ունի։
Ըստ նրա՝ ռոյալթիները հարկի բնույթ ունեցող այն լրացուցիչ վճարներն են, որոնք ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները վճարում են՝ բացի այն հարկերն ու վճարները, որոնք վճարվում են գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից. «Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել են նախորդ տարվա աշնանը՝ մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրք սահմանելու եղանակով։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մետաղների միջազգային գները 2021-ից էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը։ Անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ վճարների միջոցով ավելացնել նաև պետությանը մասհանվող մասը»։
Նախարարը հիշեցրեց, որ սահմանվել էր մետաղական խտանյութերի արտահանման պետական տուրք, ինչը լուծել է բարձր գների պայմաններում Կառավարության եկամուտների ավելացման խնդիրը. «2021-ի սեպտեմբեր-դեկտեմբերի ընթացքում վճարվել է լրացուցիչ 24,6 մլրդ դրամ պետական տուրք»։
Խաչատրյանն ընդգծեց, որ այսօր սահմանված պետական տուրքերի մեծությունը կախված չէ մետաղների գների հետագա փոփոխություններից. «Դրանց հնարավոր նվազեցման դեպքում, երբ կազմակերպությունների շահույթները կնվազեն, կարող են վճարունակության ռիսկեր առաջանալ նրանց համար, իսկ գների հետագա ավելացման դեպքում բարձր շահույթներից, տուրքերից հավելյալ եկամուտներ չեն ստացվի, քանի որ տուրքերը հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա»։