Քաղաքական

«Որևէ գերատեսչության միջին օղակը այսուհետ պետք է ուշադիր լինի ապօրինի գույքի ձեռք բերման ռիսկերի հարցում». Կ. Անդրեասյան

«Որևէ գերատեսչության միջին օղակը այսուհետ պետք է ուշադիր լինի ապօրինի գույքի ձեռք բերման ռիսկերի հարցում». Կ. Անդրեասյան

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստում տեղեկացրեց՝ օրենքի կարճատև գործարկման ընթացքում Գլխավոր դատախազության կողմից արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք, արդյունքում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել ու օրենքը բարելավել. «Առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրություն։ Բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում, նույնպես ենթակա կլինեն օրենքի ուսումնասիրությանը։ Մյուս փոփոխությունը վերաբերում է  ժամկետներին՝ 2 տարին կդառնա 3 տարի։ Նաև՝ դատախազությանը տրվում է հնարավորություն՝ սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ՝ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ»։

Հաջորդ փոփոխությունն էլ, Անդրեասյանի ներկայացմամբ, վերաբերում է գույքի արժեքի գնահատմանը. «Ե՛վ ՀՀ-ում, և՛ ՀՀ-ից դուրս երբեմն լինում են շուկայական արժեքի որոշման առնչությամբ պրակտիկ խնդիրներ, և այս նախագծի փոփությունն այն մասին է, որ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն տրվի Դատախազությանը»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ոլորտում ունեցած տեղեկություններից դժգոհ չեն, բայց արձանագրված արդյունքներից այնքան էլ գոհ չեն, հանրությունը՝ ևս. «Մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ առաջ գնալ, դա է արդյունքի հասնելու միակ ճանապարհը»։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ, անդրադառնալով ձևավորված ակնկալիքներին, նշեց, որ թեև նման խնդիր կա, բայց պետք է հաշվի առնել, որ ինստիտուտն աննախադեպ է  եղել ՀՀ-ի ու, նաև, բազմաթիվ այլ երկրների համար. «Աշխարհը լուրջ փորձառություն անցած պրակտիկա չուներ։ Գործնական աշխատանքի ընթացքում ի հայտ եկան այն բարդությունները, որոնց բախվում ենք։ Ձևավորման առաջին իսկ 10 օրվա ընթացքում շուրջ 200 անձի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Այս պահին դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ հայցագնով, մոտավորապես նույնքան էլ ավարտած ունենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական