ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իշխանափոխության դեպքում չի պատրաստվում այլևս զբաղեցնել բարձրաստիճան պաշտոն:
Նրա խոսքով. «Մենք ձևավորելու ենք մերիտոկրատական կառավարություն։ Այսինքն՝ ոչ թե ձևավորելու ենք ըստ կուսակցությունների, այլ ըստ արժանիքների։ Պաշտոն են զբաղեցնելու այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքն այնքան ունենք այսօր:
Ժամանակավոր կառավարության գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացնել, որոնք բխում են մեր երկրի անվտանգությունից ու կազմակերպել նորմալ, մրցակցային ընտրություններ, այլ ոչ թե չագուչներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր»։
Մամիջանյանի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունը չի լինելու որևէ կուսակցության կառավարություն. կառավարությանը մաս են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքը շատ կա մեր երկրում. «Սերժ Սարգսյանը, երևի, տասը, քսան, երեսուն անգամ հայտարարություն է տարածել, որ ինքն այլևս չի զբաղեցնելու բարձրաստիճան պետական պաշտոններ, ինքն իր փորձառությամբ, խորհուրդներով կուղղորդի նոր սերնդին»։