Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ ընդդիմության պնդումները, թե իր քայլերն ուղղված են Արցախի պաշտպանությանը, համոզիչ չեն։ Radar Armenia-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր փակ ձևաչափով քննարկել՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած, բայց ընդդիմությունը դա մերժել էր. «Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի փոքր բան գաղտնազերծեց, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի հարցով նշաձողը։ Ընդդիմությունը հնարավորություն ուներ հանդիպել, պարզաբանում պահանջել, թե ինչ է նշանակում դա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև կա՞ կոնսենսուս այդ հարցում և այլն։ Հանդիպման չգնալը, հարցեր չտալը ցույց է տալիս, որ Փաշինյանի այդ հայտարարությունն առիթ էր՝ այս գործողություններն սկսելու, ոչ թե՝ պատճառ։ Եթե պատճառ լիներ, կփորձեին հասկանալ՝ գործընթացն ինչ փուլում է։ Արցախի նախագահը կառավարության պատվիրակության հետ եկավ ՀՀ ու հասկացան, որ Փաշինյանի առաջ քաշած խաղաղության օրակարգը ճիշտ է, հայտարարեցին, որ ՀՀ-ն չի ստորագրի փաստաթուղթ, որի հետ համաձայն չի լինի Արցախի իշխանությունն ու ժողովուրդը։ Դրանից հետո անհասկանալի է, թե ընդդիմությունը փողոցում ինչ է անում»։
Այս փուլում քաղաքագետն ընդդիմության և իշխանության համագործակցության հնարավորություն չի տեսնում, քանի որ «այրվել են կամուրջները». «Եթե ընդդիմադիրները հույսը դրել են նրա վրա, որ կարող են գնալ սրման ու ասել, թե այս իշխանությունից կարող են ազատվել միայն ահաբեկչությամբ, որովհետև խաղաղ չի գնա, դա շատ վատ տեղ կտանի։ Եթե անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում դիմեն ապակայունացման, անիշխանություն ստեղծելու, կանխատեսելի ու անկանխատեսելի տարբեր հետևանքներ կարող են լինել, օրինակ, Ադրբեջանն անմիջապես կօգտվի առիթից և կանցնի հարձակման։ Խնդրի լուծման որևէ ուժային տարբերակ անընդունելի է։ Իշխանությունը պահելու կամ այն ամեն գնով վերցնելու միջոցների առջև կանգ չառնելը երկիրը կտանի շատ վատ տեղ»։
Անտինյանի խոսքով՝ եթե կողմերը բավարար չափով խելացի լինեն, և արյունահեղության ճանապարհը չընտրվի, ընդդիմության ռեսուրսն աստիճանաբար կմաշվի, ինչպես «Հայրենիքի փրկության շարժման» դեպքում եղավ. «Իմ հիմնական մտահոգությունն այն է, որ ՀՀ-ում, մի քանի պատերազմի արդյունքում, կա մեծ թվով չհաշվառված զենք, և կան մարդիկ, որոնք այդ զենք օգտագործելու փորձառություն և այնքան ցածր բարոյական նորմեր ունեն, որ իշխանության գալու համար միջոցների առաջ կանգ չեն առնի։ Ես գիտեմ՝ այդ մարդիկ ինչի են ընդունակ, և իրենց ուժերը ներում են, որ դա կյանքի կոչեն։ Չափազանց զգույշ պետք է լինել, իշխանությունը շատ զգոն պետք է լինի, սա ընդամենը քաղաքական պայքար չէ։ Իրենք տարբեր առիթներով ասել են, թե իշխանությունը խաղաղ չի հեռանա, և պետք է հեռացնել ուժով։ Դա նշանակում է պետականության կորուստ՝ առավել ևս աշխարհաքաղաքական այս իրավիճակում»։
Մարիամ Սարգսյան