Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ այդ ռազմավարական ծրագրի մեկնարկը շատ կարևոր է՝ առաջին հերթին ՀՀ-ի համար. «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մենք ԱՄՆ-ի հետ չենք ունեցել այն հարաբերությունները, որոնք պետք է ունենայինք, և ոչ մի դրական քայլ դեպի Արևմուտք ու, մասնավորապես, ԱՄՆ, չի եղել։ Հիմա, այդ առումով, այս քայլը շատ կարևոր է»։
Ըստ Ստեփանյանի՝ պետք է նշել նաև պատճառները, թե ինչու այդ քայլը կատարվեց հիմա. «Կարծում եմ՝ պատճառն ակնհայտ է. Արևմուտք-ՌԴ գլոբալ հակամարտությունը, որում առաջատարի դերն ԱՄՆ-ինն է։ Վերջինս փորձում է ցանկացած խաղատախտակի վրա, որտեղ կան ռուսական «ֆիգուրներ», քայլեր անել դեպի առաջ՝ ՌԴ-ին պարտության մատնելու համար։ Այդ խաղատախտակներից մեկը ՀՀ-ն և Հարավային Կովկասն են։ Կարևոր է արձանագրել, որ ԱՄՆ-ի կողմից կա այդ նախաձեռնությունը։ Ես չեմ կարծում, որ ՀՀ ղեկավարությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, կարող էր այդ նախաձեռնությունը մերժել»։
Ստեփանյանը կարևորում է այն հանգամանքը, որ անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշվել ԱՄՆ համանախագահության դերը. «Համանախագահների ձևաչափի մասին նշվում է, որովհետև այլ ձևաչափ, որտեղ ԱՄՆ-ն հնարավորություն կունենա մասնակցել ղարաբաղյան խնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, գոյություն չունի։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՌԴ-ն Մինսկի խմբի ձևաչափի վրա խաչ քաշել չեն պատրաստվում, որովհետև այդ դեպքում ֆորմալ դուրս կմնան այդ գործընթացից։ Մինսկի խմբի բոլոր համանախագահներն էլ շահագրգռված են, որ այն շարունակի գոյություն ունենալ, այլ հարց է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն պատրաստ չեն այլևս որևէ քայլ համաձայնեցնել ՌԴ-ի հետ, ինչը պայմանավորված է Ուկրաինայում կատարվողով»։
Ըստ քաղաքագետի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կենսունակ է, ինչն անհրաժեշտ է բոլորին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, դրա համար էլ Միրզոյան-Բլինքեն հանդիպման ընթացքում Մինսկի խմբին անդրադարձ է կատարվել։
Ինչ վերաբերում է կողմերի միջև ՀՀ դիրքորոշմանը՝ քաղաքագետն ասաց, որ դա ամենադժվար հարցն է, որի առջև այսօր կանգնած է ՀՀ դիվանագիտությունը. «Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ, Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Բրյուսել կատարած այցերը, կարծես, զուհագեռ եղան, ինչով կողմերի միջև բալանսը պահպանվում է, նաև Մոսկվայում են այդ ամենը հասկանում։ Այս պահին մենք դեռ մանևրելու հնարավորություն ունենք»։
Մարիամ Սարգսյան