ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ԱԺ-ում ներկայացնելով դատախազության գործունեության տարեկան հաղորդումը, անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի գործին, նշելով, որ մեծ անելիք կա՝ ինչպես քննչական գործողությունների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով:
Radar Armenia-ի հետ զրույցում 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերից՝ Յուրի Բախշյանի այրին՝ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ գործը վերաբացվել է իր դիմումի համաձայն։
Անդրադառնալով գործի ընթացքին՝ տիկին Բախշյանը շեշտեց. «Ես այդ գործի մասին շատ եմ խոսել, կրկնել չեմ ուզում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի արվել։ Ես այլ ասելիք չունեմ, իմ մտահոգությունները հայտնի, և ես բարձրաձայնել եմ դրանց մասին»։
Հիշեցնենք, որ Ա. Դավթյանն այսօր ասել էր, թե դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ չափով կիրառվում են՝ այդ քրեական գործը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։