Ընդդիմության՝ ԱԺ դահլիճը լքելուց հետո Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց Արմեն Ռուստամյանի արձագանքին և չներկայացրեց խոստացած բացահայտումը։
Վարչապետը մեկնաբանեց. «Պատշաճ չեմ համարում հետևից հարցին պատասխանելը։ Ես հույս ունեմ՝ իրենք այդ հարցով կվերադառնան, որովհետև ես այդ հարցին պատասխանելիս պետք է ուղիղ իրենց աչքերին նայեմ։ Կանոնակարգը թույլ չի տալիս, բայց, կարծում եմ, բացառիկ պայմաններում կարող ենք հարցի պատասխանն առկախել՝ մինչև մեր գործընկերների վերադարձը դահլիճ»։
Անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարի մասին ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, Փաշինյանը նախ ասաց, թե ժողովրդավարությունը երբեք չպետք է մեկնաբանել իշխանության կամ պետության թուլություն։ «Այսօր ժողովրդավարությունը ՀՀ-ի թիվ մեկ միջազգային բրենդն է, և մենք այն պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր իրավական, ինստիտուտցիոնալ մեխանիզմներով՝ ամբողջ թափով և խստությամբ»։
Ինչ վերաբերում է ընդդիմության նախաձեռնած գործընթացին, Փաշինյանն ասաց, թե ընդդիմության գործընկերներն իրենց ծաղրում էին քայլելու համար։ «Պտույտներից հետո որոշեցին քայլել։ Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որ սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը, պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ «կլիենտուրան» փողի խնդիր չունի։ Մեր Քայլոյին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել»։
Փաշինյանը նշեց նաև, թե ընդդիմադիրնեն իրենց այն ժամանակ մեղադրում էին հեղաշրջման մեջ, և հիմա պետք է ասեն՝ կա՛մ ուզում են հեղաշրջում անել, կա՛մ ընդունեն որ գործող իշխանությունը հեղաշրջում չի արել։
Այսքանից հետո կառավարությանը հարց տալու համար գրանցված ՔՊ-ական պատգամավորները հանեցին իրենց հարցերն ու նիստն ավարտվեց։