Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերը։
Հիշեցնենք՝ դրանց հիմնական նպատակն էր կուսակցական համակարգի կայացումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, քաղաքական կոռուպցիայի կանխարգելումը:
Նախագծերի փաթեթի առանցքային փոփոխություններից մեկը եղել է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելը:
Սա նշանակում է հանձնաժողովի կողմից կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և հաշվետվության մեջ առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Հանձնաժողովի գործառույթներին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտնելու համար սահմանվել էր 2022 թ. հունվարի 1-ը: