Քաղաքական

«Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին կրակոցներ են գրանցվել». ԱԺ նախագահ

«Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին կրակոցներ են գրանցվել». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ խոսնակը նշեց, որ այն ուժերը, որոնք 2021-ի ընտրություններին պարտվել են, հիմա փորձում են նույն դերակատարներով ու ասելիքով, չունենալով որևէ կոնկրետ առաջարկ, ինչ-որ ալիք բարձրացնել. «Ինձ համար ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»։ 

ԱԺ խոսնակն ընդգծեց, որ քիչ է հետևում ընդդիմության գործողություններին, սակայն, ընդհանուր առմամբ, Ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ. «Շնորհակալություն եմ հայտնում, որ իրենք պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները և թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին, բայց, միևնույն ժամանակ, հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք ազատ ցույցեր, երթեր իրականացնելու՝ իրենց իրավունքն են իրացնում, իրենց իրավունքները նույնպես պետք է պահպանել»։ 

Ալեն Սիմոնյանը նաև հայտարարեց, որ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին գրանցվել են ադրբեջանական կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կրակոցներ. «Գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կա՛մ երկրի ղեկավարի կարևոր այցելությունների, կա՛մ սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, ինչ-որ ձևերով այդ ամենը համակարգվում է»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական