Radar Armenia-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, ամփոփելով ընդդիմության բողոքի ակցիաները, նշեց՝ իրենց գաղափարին հետևող մարդկանց թիվը ավելանում է, որը կապված է շարժման մեկնարկողների վճռականությունից։
Ըստ Հակոբյանի. «Հատկապես երեկ և այսօր մի բան է նշմարվում, որ բացի քաղաքական-հասարակական ուժերից մեզ նաև միանում են բազմաթիվ քաղաքացիներ։ Ակներև է, որ կա ցանկություն, և մարդկանց աչքերում կա հավատ, որ այս անգամ ստացվելու է»։
Սոս Հակոբյանի խոսքով՝ շարժման պատասխանատվությունը տեղափոխվել է տասնյակ հազարավոր քաղաքացիների վրա. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ փոքրիկ ակցիաներով, մեր երթերին միանալով, դասաադուլներով իրենց բողոքը հստակ արտահայտում են, որն էլ տեսնելի է ամբողջ լրատվական հոսքով։ Սա բերում է մի շատ կարևոր փուլի, որը կոչվում է անշրջելիություն կետ, երբ արդեն իշխանությունը չի վերահսկում իրավիճակը և չի կարող կասեցնել շարժումը, մենք շատ մոտ ենք այդ կետին և դա ամենակարևոր արձանագրումն է այս փուլում»։
Հակոբյանը անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքին, թե ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ. «Շատ էժանագին և դատարկ մանիպուլյացիա էր, կարծում եմ անգամ իրենց կրթական ցենզի պարագայում կարելի էր ավելի հետարքրքիր և բարդ միտք մտածել։ Իրենց իշխանության պարագայում է, որ երկիրը, պատերազմում պարտվելով, կորցրեց իր տարածքների մեծ մասը, ունեցանք բազմահազար զոհեր, պատերազմից հետո, չվերականգնելով բանակի անվտանգային համակարգը, շարունակում ենք նոր գերիներ ունենալ և ձախողումներ։ Այս սա իրենց իշխանության պարագայում է, ոչ թե ընդդիմության ակցիաների»։
Խոսնակի խոսքով ընդդիմության շարժումը, որը կարելի է համաժողովրդական կոչել. «Այս պահին կարծես բոլոր ընդդիմադիր պատգամավորները գտնվում են դրսում, այնտեղ, որտեղ լուծվում են երկրի հարցերը, այնտեղ, որտեղ մարդիկ կարող են առաջարկել, լսելու բողոքել»։
Անդրադառնալով ոստիկանական ուժերի գործողություններին, Հակոբյանը նշեց՝ ակնհայտ է, որ Ոստիկանությունն ունի հրահանգ շատ կոշտ մեթոդներով մարդկանց բերման ենթարկելու. «Բնական է, որ դա բոլորին չի վերաբերվում, ոստիկանության մեջ կան հասկացող մարդիկ, առանձին զրույցներում դա ակնառու է, բայց զորքերում կան մարդիկ, ովքեր ոչ թե բերման են ենթարկում, այլ անմարդակային մեթոդներ են կիրառում։ Ցանկացած բիրտ ուժի դրսևորում շատ ավելի մեծ հակազդեցություն է բերում հասարակության կողմից»։
Անուշ Մկրտչյան