ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատարյանը համոզված է, որ ընդդիմությունը ստում է և ոչ մի ցանկություն չունեն զբաղվելու Արցախի հարցով։
Radar Armenia-ի հետ զրույցում նա նշեց. «Նրանք 20 տարի իշխանության են եղել, եթե զբաղվելու ցանկություն ունենային, կզբաղվեին։ Իրենք երկիրը պատերազմի առաջ են կանգնեցրել, 20 կորած տարիներ են ստացվել Արցախի ու Հայաստանի համար, և մենք հիմա այդ բացն աստիճանաբար պետք է լրացնենք։ Հասարակության մեծամասնությունը նրանց ընդմիշտ է մերժել»։
Պատգամավորն ընդգծեց՝ նորմալ է գնահատում, որ կան մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, փոփոխություններ են ցանկանում. «Այդ պահանջը բնական է, կարող է լինել, բայց Հայաստանում այլևս երբեք իշխանազավթում չի լինելու։ Իշխանությունները միշտ ձևավորվում են ընտրություններով։ Նրանք ընտրության մասին չեն խոսում, որովհետև գիտեն, որ ընտրություններում տապալված, մերժված են»։
Մյուս կողմից, ըստ Խաչատրյանի, ընդդիմադիրները սուտ, կեղծիք և ատելություն են տարածում, որոնք որոշակի արդյունք են ունենում. «Ոմանք, հատկապես երիտասարդները, ոգևորվում են, թե հայրենանվեր գործով են զբաղված։ Իշխանությունները պետք է ավելի շատ բացատրական աշխատանք կատարեն, որ թույլ չտան հանրությանը մոլորության մեջ գցել»։
Հարցին՝ իր կարծիքով՝ իրադարձություններն ինչպես կընթանան, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Գործընթացը գնալու է դեպի ընդդիմության վերջնական խայտառակում, իրենք վերջնականապես կապացուցեն, որ իրենց բուն նպատակը իշխանություն զավթելն է, ոչ թե հասարակության շահերն սպասարկելը։ Դա հիմա էլ է երևում՝ սկսկում են ահաբեկել մարդկանց։ Եթե ինչ-որ մեկն ասում է՝ «ես անձամբ եմ «պագոնդ» պոկելու», տեղ չունի իշխանության մեջ։ Պատկերացնում եք՝ ինչեր կանի, եթե ունենա իշխանություն։ Նրանք սովոր են իշխանությունը չարաշահելուն»։
Իսկ ընդդիմության չհաջողելու դեպքում իրենք կկարողանա՞ն ԱԺ-ում համագործակցել, Խաչատրյանը պատասխանեց, թե իշխանության ներկայացուցիչները երբեք չեն խուսափել համագործակցելուց, եթե ընդդիմադիրները աշխատելու պատրաստակամություն դրսևորեն. «Իսկ նրանց բացակայությունն առանաձնապես չի խանգարում աշխատել, որովհետև ՀՀ-ում արտախորհրդարանական ընդդիմություն կա, նրանց հետ համագործակցում ենք, վիճում ենք, բանավիճում ենք։ Իրենց խնդիրն է՝ կկարողանա՞ն աշխատել, թե՞ ոչ, որովհետև առ այսօր իրենք ընդամենը ժամանակ են կորցրել, և, ինչպես իրենց կարկառուն երիտասարդ աղջիկներից մեկն էր ասել, աթոռներ են զբաղեցրել, «թառել են» աթոռներին, սա իրենց բառապաշարն է»։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ իրեն միացող մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, պատգամավորն արձագանքեց, թե դա մանիպուլյացիայի փորձ է՝ ցույց տալու, թե վաղը-մյուս օրը կհաջողեն։ «Նրանք դեռ ունակ են սադրանքներ, բախումներ կազմակերպել։ Մենք նրանց ոճը վաղուց գիտենք, և համարժեք հակազդցեություն կստանան և իրենց չափի մեջ կմնան»։