Քաղաքական

«Չի բացառվում, որ Կրեմլը գայթակղություններ է ունենում». Լևոն Բարսեղյան

«Չի բացառվում, որ Կրեմլը գայթակղություններ է ունենում». Լևոն Բարսեղյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին, նշեց, որ քաղաքական այդ ուժերը իրացնում են իրենց քաղաքական իրավունքները, ինչը բնական է։

Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով արտաքին միջամտության հավանականությանը, ասաց. «Չեմ կարծում, թե Կրեմլը դժգոհ է Հայաստանի գործող իշխանությունների վարքից կամ իր հետ ունեցած հարաբերություններից և կարիք ունի այստեղ՝ այս ճանապարհով, իշխանափոխություն իրականացնել։ Տարբեր սրացումների ժամանակ չի բացառվում, որ Կրեմլը գայթակղություններ ունենում է, բայց Կրեմլում միամիտ մարդիկ չեն, տեսել են, որ ընտրություններում իշխանությունը հանրության քվեն վերստացել է, և հանրային տրամադրությունները պատշաճ կերպով հետազոտում են, և, հավանաբար, նկատել են, որ սա այն դեպքը չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը շանս ունենա՝ փողոցային պայքարի միջոցով իշխանափոխություն ստանալու»։

Բարսեղյանի համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմության ընդվզումները կապված են ապօրինի գույքի վերադարձի և ազատազրկման ռիսկերի հետ. «Եթե հայրենիքն է իրենց մտահոգության առարկան, ուրեմն իրենք պետք է բացատրություն տան, թե անցած քսան տարիների ընթացքում ինչպես են այդպես վատ կառուցել Հայաստանի պաշտպանական համակարգը, այդ ժամանակ ինչն էր պատճառը, որ չէին մտածում դրա մասին։ Եթե սխալներ են արել, պետք է պատմեն դրանց մասին, ներողություն խնդրեն, և այդ դեպքում հնարավոր կլինի լուրջ ընդունել, որ իրենց բողոքը հայրենիքի համար է, և ոչ թե սեփական գույքը փրկելու»։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ չի տեսնում նախադրյալներ, որ ընդդիմությունը կկարողանա իշխանափոխության հասնել, փոխարենը՝ նկատելի է, որ Հայաստանի գործող իշխանությունը այդ հանրահավաքները բանակցային գործընթացում կարող է օգտագործել հօգուտ իրեն. «Իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցություններում կարող է օգտագործել այն, որ Հայաստանում քաղաքական ուժերի մի խումբ կա, որոնք շատ վճռական են տրամադրված՝ թույլ չտալ որևէ զիջում հայ-ադրեբեջանական հարաբերությունների կարգավորման և արցախյան հարցում։ Դա կարող է օգնել իշխանություններին՝ ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահը արտաքին հարաբերություններում»։

Անդրադառնալով ոստիկանական ուժերի գործողություններին՝ Բարսեղյանը նշեց՝ չնայած ՔՊ պատգամավորների՝ ոստիկաններին շնորհակակություն հայտնող հրապարակումներին, ոստիկաններից մեկի վարքը անօրինական էր. «Չգիտեմ՝ ցուցարարը ինչ էր արել, բայց ոստիկանը իրավունք չունի անշարժացված կամ բռնված մարդուն, երբ իր կյանքին վտանգ չի սպառնում, իր վրա հարձակում չկա, բռունցքով ծեծել։ Սա անօրինական է, և ծառայողական քննությունը բավարար չէ՝ նման միջադեպերի պատշաճ քննության և կանխարգելման համար։ Բարեխիղճ ոստիկաններին, իհարկե, արժե շնորհակալություն հայտնել, բայց անբարեխիղճներին պիտի պատասխանատվության ենթարկել»։

Ամփոփելով զրույցը՝ նա նշեց. «Ափսոսում եմ, որ ես իմ հարկերից վճարում եմ ընդդիմությանը և ՔՊ-ի մի քանի պատգամավորների»։

Անուշ Մկրտչյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական