Քաղաքական

«Արթուր Բաղդասարյանի չա՞փ էլ բարոյականություն չունեք». Նորիկյանը՝ ընդդիմությանը

«Արթուր Բաղդասարյանի չա՞փ էլ բարոյականություն չունեք». Նորիկյանը՝ ընդդիմությանը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին, տեսակետ հայտնեց, թե ընթանում է անբովանդակ, անծրագիր, անօրակարգ, անառաջնորդ և «անտեր» քաղաքական միջոցառում. «Փորձ է արվում 2018 թվականի տպավորություն ձևավորել։ Ձևական առումով թեև որոշ տարրեր նման են, բայց, բովանդակայաին առումով, կատարվողը բացարձակապես չի համապատասխանում 2018-ի գործողություններին։ Կարծում եմ՝ խորհրդարանական ընդդիմությունը և նրանց թիկունքում կանգնած ՀՀ նախկին ղեկավարները պարզապես փորձում են մեկ անգամ ևս փորձել իրենց ուժերը՝ իշխանությանը տիրանալու, ռևանշի հասնելու համար։ Պետք է ներկայացնեն, թե իրենք, բովանդակային առումով, ինչպիսի տարբերություն ունեն գործող իշխանության քաղաքականությունից, որը վերաբերում է Արցախի հարցին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայ-թուրքական հարբերությունների հեռանկարին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին»։

Ըստ Նորիկյանի՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, որ գործող իշխանությունը ծախում է Արցախը, դավաճան է կամ սպասարկում է ադրբեջանաթուրքական շահեր, պետք է հստակ արձանագրի, թե, օրինակ, իշխանության գալու դեպքում կոնկրետ ինչ գործընթաց է իրականացնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կամ չկնքելու համար, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման կամ ճանաչման համար, տնտեսության վերականագնման կամ, ընդհանրապես, կոնֆլիկտների լուծման համար. «Իրենք 20 տարի ունեցել են դրա հնարավորությունը, ի՞նչ պետք է անեն, որ չեն արել նախկին 20 տարիների ընթացքում»։

Նորիկյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը վաբանկ գնալու առջև է կանգնած, և այս քաղաքական գործընթացի ավարտից հետո ունենալու ենք որակապես նոր իրավիճակ. «Խորհրդարանը կանգնած է լինելու բնականոն գործունեություն իրականացնելու խնդրի առաջ։ ԱԺ այս ընդդիմության պարագայում խորհրդարանում օրենսդրական գործունեություն իրականացնելը մի քիչ բարդ եմ պատկերացնում, որովհետև վերջին մեկ տարում իրենք, ըստ էության, որևէ գործունեություն չեն իրականացրել, և, այդ քաղաքական կատակլիզմի ավարտից հետո, չգիտեմ՝ ինչ քաղաքական հիմնավորմամբ են վերադառնալու խորհրդարանական գործունեության։ Իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը կանգնում է որակապես նոր քաղաքական իրավիճակի առաջ՝ դրանից բխող բոլոր հնարավոր զարգացումներով»։

Նորիկյանի պնդմամբ՝ երբ քաղաքական ուժը մարգինալացվում է, չի ստանում անհրաժեշտ աջակցություն, երկու ճանապարհ կարող է լինել. «Առաջինն այն է, որ իսկապես ներողություն է խնդրում ժողովրդից, հայտարարում է իր քաղաքական գործունեության դադարեցման մասին և հեռանում է, ինչպես հայտարարել են շատերը։ Մի հռետորական հարց տամ ընդդիմությանն ու նրա առաջնորդներին՝ դուք Արթուր Բաղդասարյանի բարոյականության չա՞փ էլ բարոյականություն չունեք։ Վերջինս պարտվեց, տեսավ՝ ժողովուրդն իրեն մերժում է, ձայն չի տալիս, հայտարարեց քաղաքական գործունեության ավարտի մասին և հեռացավ։ Դուք 2018-ից հետո նույն դիսկուրսով շարունակում եք և արձանագրում պարտություն պարտության ետևից, ընդ որում՝ ամեն անգամ մի նոր խաղացողի մեջտեղ բերելով, մի նոր անուն շրջանառության մեջ դնելով, հետո օգտագործելով ու դուրս շպրտելով։ Հիմա ո՞վ է հիշում Վազգեն Մանուկյանին։ Հետո բերեցին Ռոբերտ Քոչարյանին, հիմա խոսում են ինչ-որ ապակենտրոնացված քաղաքական պայքարի մասին»։

Նորիկյանն ընդգծեց՝ հեղափոխությունը պետք է ունենա որոշակի խորհրդանիշներ. «Դրանցից մեկն ընդգծված առաջնորդի առկայությունն է, դա պարտադիր է։ Ինձ մոտ տպավորություն է, որ փողոց դուրս եկած ընդդիմությունն ու քաղաքական ուժերը ոչ թե պայքարում են գործող իշխանության, այլ միմյանց դեմ՝ իրենց որոշ մասին ոչնչացնելու և, առհասարակ, քաղաքական դաշտից դուրս վռնդելու հստակ նպատակադրմամբ։ Նախ թող իրենք հստակեցնեն՝ ինչ են ուզում, ումից են ուզում, և, ընդհանրապես, ունե՞ն ներքին միասնականություն, հետո միայն՝ թող խոսեն հանրությանը համախմբելու գաղափարի մասին»։

Քաղաքական աջակցություն չստանալու դեպքում հաջորդ իրավիճակն էլ, ըստ Նորիկյանի, հետևյալն է. «Եթե ներողություն խնդրելու քաղաքական արժանապատիվ կեցվածք չորդեգրեն, կփորձեն լարել, արհեստականորեն սրել քաղաքական իրավիճակը, որ հավելյալ ուշադրություն սևեռեն իրենց վրա»։

Մարիամ Սարգսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական