ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ եթե ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները իրենց մանդատները վայր դնեն, ոչինչ տեղի չի ունենա։
Նրա խոսքով. «Չի կարող որևիցե պատգամավորի կամ փոքրամասնության վարքագծի պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որը որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին, բայց դրան ոչինչ չպետք է հետևի։ Պատկերացրեց, օրինակ՝ փոքրաթիվ խմբակցությունը դուրս է գալիս ԱԺ-ից, և սա հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը։ Սա նշանակում է, որ անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որևիցե կերպով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»։
Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի դահլիճը ընդդիմության հետ երկխոսության դահլիճն է. «Խորհրդարանական քննարկումների համար նախատեսված դահլիճները ստեղծվել են երկխոսություն ծավալելու համար։ Սա է այն տեղը, որտեղ կարելի է ծավալել երկխոսություն»։