Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին, կարծիք հայտնեց՝ չի հաջողվի իշխանափոխություն իրականացնել, քանի որ նրանց ռազմական, տնտեսական և գաղափարական հովանավորը Կրեմլն է, որն էլ անխուսափելիորեն պարտություն է կրելու Ուկրաինայում. «Ընդդիմությունը կատարում է Կրեմլի պատվերը։ Այստեղ ակնհայտորեն արտացոլվում է Ռուսաստանի, պուտինյան ռեժիմի և պուտինյան գործակալների շահերը։ Մենք այստեղ տեսնում ենք երկու շերտ. մի կողմից՝ շատ դժվար և դանդաղ գնացող ժողովրդավարացում, մյուս կողմից այն, որ Հայաստանում տեղի ունեցողը անհնար է հասկանալ՝ առանց ուկրաինական պատերազմի»։
Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմի ճակատներից մեկն է, և Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը անխուսափելի է դարձնում նաև նրա պարտությունը Հայաստանում. «Շատ ակնհայտ է այդ հանգամանքը, եթե նայենք՝ ով է գլխավորում այսօրվա ապստամբության գործը՝ Քոչարյանը, դաշնակներ, նախորդ ռեժիմի ուժային կառույցների գեներալներ, որոնք ամենավառ ներկայացուցիչներն են հակաժողովրդավարական գործակալական կամքի, որ իշխում էր Հայաստանում քառորդ դար շարունակ։ Նրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալներ են, և այս պայքարը նրանց վերջին պոռթկումներից մեկն է»։
Խզմալյանը նշեց՝ ընդդիմության ուժերը փորձում են հասնել իշխանափոխության, ինչը հասարակության մեջ արձագանք չի գտնում. «Որքան էլ թույլ, վարկաբեկված լինի ներկայիս իշխանությունը, մարդիկ ենթագիտակցաբար զգում են, որ նախկինները ոչ թե պատուհաս են, այլ, պարզապես, աղետ՝ երկրի համար։ Մարդիկ գիտեն, որ արցախյան պատերազմը ոչ թե ռազմական, այլ քաղաքական պարտություն էր, որի պատճառն այն էր, որ Հայաստանը՝ իր ողջ ուժային ինստիտուտներով ու տնտեսությամբ, ծախված էր Ռուսաստանին»։
Նրա խոսքով՝ ընդդիմության քայլերը անկեղծ և լուրջ ընդունել հնարավոր չէ. «Քոչարյանը, որ գրեթե կոպեկներով վաճառում էր Հայաստանի արդյունաբերությունը Ռուսաստանին, հիմա փորձում է գլխավորել ժողովրդին։ Վանեցյանը, որը զորքով նահանջել էր Շուշիից, խոսում է Արցախի փրկությունից։ Այսօրվա ծիծաղաշարժ պահվածքը ասաց ամեն ինչ։ Ընդդիմությունը՝ Իշխան Սաղաթելյանի շուրթերով, հայտարարեց ընդմիջում՝ անձրևի պատճառով։ Եթե իսկապես ուզում են ինչ-որ բան փոխել, անձրևը նրանց չէր կանգնեցնի, ինչպես չէր կանգնեցնում իրական հեղափոխություններին։ Սա վճարված գործողություն է, մարդիկ վարձկաններ են, իսկ եթե վարձկանները անձրևից կամ քամուց փախչում են, կփախչեն նաև ժողովրդի իրական ցասումից, որովհետև մենք չենք վերադառնա անցյալ և թույլ չենք տա, որ մեր երեխաները լինեն ստրկացված»։
Խզմալյանի դիտարկմամբ՝ կարևոր է այս իրավիճակում մնալ ժողովրդավարական շրջանակում և թույլ չտալ բախումներ և բռնություն։
Անուշ Մկրտչյան