Քաղաքական

«Ես դեմ չեմ, թող 15-20 րոպեով էլ փողոց փակեն». Աղազարյան

«Ես դեմ չեմ, թող 15-20 րոպեով էլ փողոց փակեն». Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին, տեսակետ հայտնեց, որ ընդդիմադիրներն իրենց որդեգրած ճանապարհով չեն հասնի ցանկալի նպատակի. «Վերջին օրերի մասշտաբային գործողությունների ընթացքում իրականացված հանրահավաքի նկատմամբ ժողովրդի ցուցաբերած վերաբերմունքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իշխանության կողքին է և հավանության է արժանացնում իշխանության կատարած գործը։ Եթե լայնամասշտաբ գործողություններից, ֆինանսական ռեսուրսների կիրառումից հետո եղած արդյունքը չպետք է լիներ կուլմինացիոն հանգրվան, էլ ե՞րբ պետք է դառնա»։

Ինչ վերաբերում է իշխանության գործողություններին, պատգամավորն ասաց, թե իշխանության յուրաքաչյուր օղակ այս ընթացքում իրականացնում է իր պարտականությունները. «Այս պահին ակնհայտ է, որ, մասնավորապես, Ոստիկանությունը փայլուն է իրականացնում իր վրա դրված պարտականությունները։ Յուրաքանչյուր ինստիտուտ էլ կատարում է իր աշխատանքը. ԱԺ-ն՝ իր տեղում, տարբեր գերատեսչություններն՝ իրենց տեղում»։

Ըստ Աղազարյանի՝ հանրահավաքներ, ցույցեր կարող են տեղի ունենալ, և դրանց մեջ ոչ մի սարսափելի բան չկա, սակայն, նրա խոսքով, պետք է այնպես կազմակերպել, որ չխախտվի ուրիշների ազատությունը. «Այստեղ էլ ոստիկանությունը գործ ունի անելու և անում է բարձր մակարդակով»։

Դիտարկմանը, թե գործող իշխանությունը նույն գործողությունները 2018-ին է իրականացրել, Աղազարյանն արձագանքեց. «Գործող իշխանությունը 2018-ին իր քաղաքական թիմում ուներ ընդամենը 100 հոգի։ Այդքան մարդը չէր կարող ամբողջ Հայաստանում անհնազանդության իրավիճակ ստեղծել, հետևաբար, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ 2018-ին ամբողջ ժողովուրդն էր դուրս եկել փողոց։ Մենք 100 հոգով բան չէինք կարող անել։ Ես դեմ չեմ, որ իրենք փողոցներ են փակում. թող փակեն։ Եթե իրենց թվում է, որ ինչ-որ վարորդ, քաղաքացի չի հասկացել իրենց ուղերձները, թող 15-20 րոպեով փակեն, տեղեկատվությունը հասցնեն այն մեկին, որը դեռ տեղեկացված չէ, և սպասեն արձագանքին։ Փոքր խուլիգանությունները գեղեցիկ չեն»։

Հարցին՝ ընդդիմության գործողություններն ինչի կհանգեցնեն, Աղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ընդդիմադիր պատգամավորները կվերադառնա՞ն ԱԺ, թե՞ ոչ, բայց ինքս մի քանի օրվա ընթացքում մեր խմբակցության գործընկերներին կառաջարկեմ, որ այն պատգամավորներին, որոնք ԱԺ հանձնաժողովներում պաշտոններ ունեն՝ նախագահ, փոխնախագահ, օրենքի թույլ տալու դեպքում անվստահություն հայտնել»։

Մարիամ Սարգսյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական