Քաղաքական

«Հիմա ասում են՝ «սիրելի քաղաքացիներ», բայց մեկ տարի առաջ անվանում էին «ժեխ». Դավոյան

«Հիմա ասում են՝ «սիրելի քաղաքացիներ», բայց մեկ տարի առաջ անվանում էին «ժեխ». Դավոյան

Ընդդիմությունն առավոտից սկսել է անհնազանդության ակցիաներն ու երթերը՝ փակելով մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Այսօր 18։00-ին կկայանա հերթական հանրահավաքը։

Ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ միանշանակ է, որ նրանք պայքարում են ընդամենը իշխանության գալու համար։ Radar Armenia-ի հետ զրույցում իշխանական պատգամավորը տեսակետ հայտնեց, թե կարգախոսները, որոնց մասին աղաղակում են ակցիաների մասնակիցները, որևէ աղերս չունեն այն իրականության հետ, որին նրանք ձգտում են. «Պարզապես ցանկանում են գալ իշխանության, որովհետև առանց իշխանության՝ իրենք իրենցից որևէ բան չեն ներկայացնում։ Չունեն որևէ հստակ ծրագիր, և իրենց հայտարարությունները, իշխանություններին ուղղված մեղադրական ելույթները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այդ նույն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ ժողովրդին վիրավորում էին ամենավերջին խոսքերով, հիմա վերջինիս խնդրում են դուրս գալ, սկսել են հարգանքով վերաբերվել. ուզում եմ հասկանալ՝ ինչ փոխվեց այս ընթացքում, երբ հիմա ասում են՝ «սիրելի քաղաքացիներ», բայց մեկ տարի առաջ այդ նույն քաղաքացիներին անվանում էին «ժեխ»»։

Պատգամավորի խոսքով՝ 2018-ի գործողությունների կրկնությունը միայն իշխանության գալու նպատակ ունի. «Նրանց ընդդիմադիր ասելը սխալ է. նրանք իրականում ռևանշիստներ են, ընդդիմությունն, իր դասական իմաստով, այդպիսին չի լինում»։

Դիտարկմանը, թե ընդդիմության պնդմամբ՝ իրենց միացող զանգվածներն էականորեն ավելանում են, պատգամավորն արձագանքեց. «Երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասում է՝ «գալիս եք՝ եկեք, չեք գալիս՝ ջհանդամը գաք», նշանակում է՝ իրենք ժողովրդի աջակցությունն ստանալու խնդիր ունեն, անընդհատ խնդրում են, կոչեր անում, որ մարդիկ փողոց դուրս գան, բայց չի լինում, որովհետև այդտեղ ընդդիմության այն դեմքերն են, որոնց դեմ մարդիկ պայքարել են։ Ինչպես կարող են պայքարել կոնկրետ անձերի դեմ, հետո վերջիններիս կոչով նորից դուրս գալ փողոց։ Իրենց մոտ այս դեպքում էլ իրականության հետ խզում կա, որովհետև չեն հասկանում, որ մարդիկ ամեն ինչ արել են, որ իրենց հեռացնեն, և հիմա ոչինչ չեն անելու, որ վերադարձնեն»։

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին, թե սա նրանց վերջին շանսն է, որ միանան ժողովրդին, Դավոյանն ասաց. «Ուզում եմ կոչ անել Սաղաթելյանին, որ գա ու այն ամենը, ինչ ասում է բեմերից, ասի ԱԺ ամբիոնից։ ԱԺ-ում լուռ նստում է և որևէ բան չի խոսում, իսկ ԱԺ-ից դուրս սկսում է ոգևորված ելույթներ ունենալ։ Հրավիրում եմ ԱԺ նիստերի դահլիճ, որ նույնությամբ կրկնի այն խոսքերը, որոնք ասել է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական