Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Վաշինգտոնում նախարարը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։
Օրերս ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու հակամարտության վերսկսումը։
Քաղաքագետ Սարո Սարոյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Հարավային Կովկասում ՌԴ-ն փորձում է իր ազդեցությունը պահել, Արևմուտքն էլ, իր հերթին, փորձում է դուրս բերել գործընթացները ռուսական ազդեցությունից. «ՌԴ-ի դիրքրեը շատ են խարխլված, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում ՌԴ-ի և Արևմուտքի կոնսենսուսը, գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, էլ չկա։ Մինսկի խումբը արդեն դադարել է գոյություն ունենալ»։
Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում ՌԴ-Արևմուտք կողմերից յուրաքանչյուրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը փորձում է քաշել իր կողմը. «Վերջին մեկ ամսում այդ գործընթացներն արդեն բացահայտ են տեղի ունենում, և ՀՀ վարչախումբը փորձում է մանևրել ու այնպիսի դիրքավորում ապահովել, որ կարողանա իր գոյությունը պահպանել՝ այս իրավիճակում քիչ հարվածներ ստանալով»։
Իսկ թե որքան ժամանակ հնարավոր կլինի մանևրել, Սարոյանը պատասխանեց՝ ՀՀ իշխանությունները Բրյուսել և Մոսկվա այցելություններով փորձում են բավարարել երկու կողմերին էլ, բայց հասկանալի է՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակում բոլորին բավարարել հնարավոր չէ. «ԱՄՆ կատարված այս այցն էլ դրան է ուղղված՝ փորձել բավարարել արևմտյան պահանջները, եզրեր գտնել Արևմուտքի հետ։ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն Արևմուտքն իր ձեռքը վերցրեց, ինչին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ու 30 կետանոց հայտարարության ընդունումը։ Հիմա էլ, ՀՀ ներքաղաքական զարգացումները նորից կապված են այդ հանգամանքի հետ, որ կապանքների մեջ պահեն հայաստանյան քաղաքական կյանքը, քաղաքական սուբյեկտներին՝ դուրս չգալու նախկինում եղած ռուսական ազդեցության ընդհանուր տրամաբանությունից։ Սրանից ավել ոչինչ տեսանելի չէ, որովհետև հայտնի չէ, թե կուլիսների ետևում կոնկրետ ինչ են պայմանավորվում»։
Մարիամ Սարգսյան