Քաղաքական

«Այլ բան չեն անում, քան ընդդիմադիր հարթակը «տաքացրած» պահելը». Սաֆարյան

«Այլ բան չեն անում, քան ընդդիմադիր հարթակը «տաքացրած» պահելը». Սաֆարյան

Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է բողոքի անժամկետ ցույցեր. այսօր առավոտից նրանք փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով ընդդիմության ակցիաներին, ասաց. «Նկատելի է, որ նրան, ինչ հայտարարել են ուղղակի չեն կարող հասնել, որովհետև չունեն հանրային աջակցություն։ Հասարակության համար իրենք հաստատ ավելի լավը չեն, քան իշխանություները։ Իրենք հռչակել են, թե Արցախն ու Հայաստանն են փրկում, բայց իրենց մոտեցումներով, որակով շատ ավելի նախընտրելի պիտի լինեն»։

Սաֆարյանի խոսքով՝ եթե կոպիտ համեմատություն անցկացնենք, ներկայիս ընդդիմությունը նրանք են, որոնք 20 տարի երկրում ունեցել են բացարձակ իշխանություն ու ապացուցել՝ կարո՞ղ են ղարաբաղյան խնդիրը լուծել, թե՞ ոչ, և մյուս կողմում իշխանությունն է, որը ուզեցել է հողերը չտալ, բայց, մեծ զոհերի և զիջումների գնալով, կանգնեցրել է պատերազմը. «Հասարակության գիտակցության մեջ նստած փաստն այն է, որ նախկին իշխանություններն այսքան տարիները վատնել են, բանակը չեն ուժեղացրել, և արցախյան խնդրի լուծման տարբերակներն ամենևին Արցախի փրկության մասին չեն եղել։ Իսկ հիմա կողքից հասարակությունը նայում է այն իշխանությանը, որը երկիրը ստացել է պատերազմի շեմին և փորձել դիմադրել։ Հիմա արդյո՞ք այս իշանությունն ավելի վատն է, քան՝ այն, որն այդ ամենը հասունացրել է։ Հասարակությունն, իհարկե, իրենց նախապատվություն չի տա»։

Ըստ Սաֆարյանի՝ հասարակությունն ընդդիմությանը նախապատվություն չի տա ու, ըստ էության, լուրջ էլ չի ընդունում. «Հասարակությունը, եթե նույնիսկ դժգոհ էլ լինի իշխանություններից, հաստատապես ընդդիմադիրներին կոնսոլիդացիայի կենտրոն չի դիտարկի»։

Անդրադառնալով բողոքի ակցիաներին հասարակության վերաբերմունքին՝ Սաֆարյանն ասաց. «Միտինգներին կգան իրենց ընտանիքի անդամները, երեխաների շրջապատը, իրենց քարոզչությանը հավատացող միամիտ մարդիկ և այլք։ Բայց երկու նախագահներով, որոնք 10-ական տարի կառավարել են, կարողանան հավաքել մի քանի հազար մարդ, դա արդեն ամեն ինչ ասում է։ Այսպիսի ռեսուրսների ու մոբիլիզացիայի պայմաններում դա խղճուկ թիվ է»։

Սաֆարյանի կարծիքով՝ «նրանք այլ բան չեն անում, քան ընդդիմադիր հարթակն, այսպես ասած, տաքացրած պահելը՝ մտածելով, որ իշխանությունը, հնարավոր է, ղարաբաղյան հարցի զարգացումներով ընկնի, և ընկնի իրենց գիրկը. իրենց համար ամենաիրատեսական սցենարը դա է»։ 

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական