«Անվտանգություն և ժողովրդավարություն» հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին, շեշտել է, որ դրանք տեղավորվելու են բացառապես Սահմանադրության շրջանակներում. «Գործողություններ, որոնք տեղավորվելու են բացառապես Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ եթե իշխանությունների, նրանց հակաօրինական գործողությունների դեմ պայքարում օրենքները և սահմանադրությունը չեն գործում, ժողովուրդն ունի ապստամբության սահմանադրական իրավունք»։
Այսօր առավոտյան ընդդիմադիր ակտիվիստները փակել էին Երևանի տարբեր փողոցներ։ Անդրադառնալով կատարվածին՝ Զոհրաբյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ միայն իրեն է իրավունք վերապահված՝ օգտագործել խաղաղ ակցիայի այնպիսի գործիքներ, ինչպիսիք փողոցներ փակելն ու ապակենտրոն ակցիաներն են։ Մի անգամ հայտարարեց՝ «կամ ես կլինեմ վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Հիմա Փաշինյանի կարգախոսը հետևյալն է՝ «կամ ես կմնամ իշխանության հավերժ, կամ Հայաստանը չի լինի»։ Հիմա մենք էլ ասում ենք՝ «Չի լինելու, դու չես մնալու իշխանության, դու չես հրահրելու բախումներ»։
Զոհրաբյանը նշեց՝ վստահ է, որ ոստիկանները հասկանալու են, որ իրենց գործողությունները ապօրինի են, որ սատարում են մի իշխանության, որի օրակարգն ու Ալիևի օրակարգը նույնական են, և կանգնելու են ժողովրդի կողքին։
Փողոցներ փակելով և այլ գործողություններով՝ շատ անգամ անհարմարություն է պատճառվում այն քաղաքացիներին, որոնք չեն միացել ընդդիմության շարժմանը։ Անդրադառնալով դրանց՝ Զոհրաբյանն ասաց. «Այդ քաղաքացիները պետք է ընտրեն՝ դիմանալ որոշ դժվարությունների, թե ապրել, օրինակ, Աբովյան փողոցը Թալեաթ փաշայի անվամբ վերանվանված փողոցում։ Իրենք այդ դժվարություններին մի քիչ էլ պիտի դիմանան և լինեն հանդուրժող։ Այդ ո՞նց է, որ 2018 թվին դիմանում էին, հանդուրժում»։
Զոհրաբյանի խոսքով՝ իրենք տեսնում են, որ մեքենաների շարասյուները, մարդիկ՝ իրենց ազդանշաններով, ողջունում են իրենց. «Իհարկե, կան մարդիկ, որոնք բողոքում են, ում համար դիսկոմֆորտ է, ովքեր շտապում են, բայց պիտի հասկանան, որ սա պայքար է նաև իրենց համար, որպեսզի իրենք և իրենց երեխաները կարողանան ապրել Հայաստանում և ոչ թե Թուրքիայի վիլայեթում»։
Շարժման արդյունքների մասին խոսելով՝ ընդդիմադիրն ասաց. «Ես տեսնում եմ բացարձակ պոզիտիվ էներգիա, ինչը շատ կարևոր է։ Ես այս էներգիան չէի տեսնում 2016-ին, 17-ին, երբ պատերազմի ցավը շատ ավելի շոշափելի էր։ Ես տեսնում եմ վճռական, մինչև վերջ գնացող, Արցախի, Հայաստանի ու ոչ թրքահպատակ վաղվա օրվա համար անձնազոհ մարդկանց»։
Նաիրա Զոհրաբյանը նաև պատմեց, որ Ֆրանսիայի հրապարակում իրեն է մոտեցել 84-ամյա մի տատիկ, ով տեսել էր, թե ինչպիսի բռնության են ենթարկվում երիտասարդները, ասել է, որ իր կյանքը ապրել է՝ խնդրելով իրեն էլ տանել խաչմերուկներ փակելու. «Սա այլևս նշանակում է, որ հայը զարթնել է, և Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարողանալու անել: Իրեն մնում է մեկ քայլ՝ տալ հրաժարական, որից հետո կսկսվի արդար դատավարություն, և Հայաստանը կունենա նոր բանակցող, որը չի սպասարկի Ալիևի շահը»։
Ոսկեհատ Պողոսյան