Մայիսի 3-ին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, Վիեննայում հանդիպելու են երկու երկրների հատուկ ներկայացուցիչները։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում խորը խնդիրներ կան, որոնք մի քանի հանդիպումների միջոցով չի հաջողվի լուծել. «Ես հոռետես եմ, որ այս փուլում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն, որովհետև թուրքական կողմը սկզբնական շրջանում առանց նախապայմանների էր պատրաստվում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բայց վերջին ժամանակներս նոր նախապայմաններ դրեց՝ պնդելով, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերը, որոնք Բաքուն առաջարկել է Երևանին։ Դրանով ավելի է դժվարացել բանակցային գործընթացը։ Այնպես որ, այս փուլում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որևէ լուրջ տեղաշարժ չի լինի»։
Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փորձի անել այնպես, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները չկապվեն երրորդ երկրների, այս դեպքում՝ Ադրբեջանի ներկայացրած պահանջների հետ, ինչը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների դաշնակցային բնույթը. «Պետք է խոսել Թուրքիայի հետ, շարունակել այս հանդիպումները, բայց նաև պետք է փորձել այնպես անել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երրորդ երկրները որևէ ազդեցություն չունենան»։
Վարդանյանի կարծիքով՝ պետք է քայլ առ քայլ գնալ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը՝ սկսելով այն քայլերից, որոնք դժվարություններ չեն պարունակում. «Օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը. երկու երկրները սրա համար պետք է քաղաքական կամք ունենան և դիվանագիտական հարաբերություններ հաստատեն։ Այսօր Հայաստանը և Թուրքիան, լինելով հարևան երկրներ, դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սրանից հետո կարելի է անցնել սահմանների բացմանը»։
Վարդանյանը նշեց՝ Էրդողանը չափազանց անկանխատեսելի գործիչ է, և, վերջին հաշվով, այս գործընթացը Էրդողանի կառավարության պատճառով կարող է և տապալվել. «Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն այդ լարվածությունը թուլացնել։ Մենք ունենք 80 միլիոն բնակչություն ունեցող ագրեսիվ հարևան, որը խնդիր ունի գրեթե բոլոր հարևանների հետ, և այս փուլում պետք է անենք այնպես, որ մեր հանդեպ այդ ագրեսիան մեղմանա»։
Քաղաքագետի կարծիքով՝ հայ-թուրքական հարբերությունները պետք է առանց միջնորդների անցկացվեն, որովհետև երրորդ երկրները իրենց շահերն ունեն, որոնք կարող են չհամընկնել Հայաստանի շահերի հետ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, թե մայիսի 3-ին կայանալիք հանդիպման ակնկալիքները կարող է լինել և՛ լավատեսական, և՛ հոռետեսական. «Ես այս հանդիպումից ճեղքումներ չեմ սպասում։ Ակնկալում եմ, որ գործընթացը, այնուամենայնիվ, կշարունակվի։ Կխոսեն դրական միտումներից, դրական տրամադրվածությունից, երկուստեք շարունակական քաղաքական կամքից, բայց մենք հիմք չունենք ակնկալելու, որ ճեղքումներ են լինելու»։
Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարը առաջարկել էր հայ-թուրքական սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով անվանակոչել, ավելի վաղ՝ քննարկվում էր Ադրբեջանի ԱԳ նախարար Չավուշօղլու ռասիստական ժեստը։ Մեհրաբյանը սրանք «էպիզոդիկ հակազդեցություն» համարեց. «Նման բացասական բաները կլինեն շարունակական, կլինեն նաև դրական ազդակներ, և գործընթացը կշարունակվի»։
Թուրքիան Հայաստանին կոչ էր անում հարաբերություններում համարձակ լինել և հանդիպումները անցկացնել կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում։ Հանդիպումները Երևանում կամ Անկարայում անցկացնելու մասով Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ այդ դեպքում գործընթացի մեջ քարոզչական տարրեր կմտցվեին. «Երևանում կամ Անկարայում նման հանդիպումները քարոզչության հարթության վրա Թուրքիային հնարավորություններ կտան, մինչդեռ Երևանին ոչինչ չեն տա»։
Անուշ Մկրտչյան