ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու հակամարտության վերսկսումը։ Երեկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, թե ՌԴ-ն շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Հակոբ Բադալյանը տեսակետ հայտնեց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ տարբեր կողմերի ընդհանուր ակտիվությունը, որ նկատվում է վերջին 1-2 ամիսներին, պայմանավորված է ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացներով, որոնց կենտրոնը պետք է դիտարկել Ուկրաինայում տեղի ունեցողը. «Այդ ամենը նաև իր ազդեցությունն է թողնում այլ կարևոր տարածաշրջանների վրա։ Համաշխարհայաին նոր վերաբաժանման գործընթացն անխուսափելիորեն տարածվելու է նաև կովկասյան հարցերի, Կովկասում քաղաքական ստատուս քվոյի վրա։ Դիվանագիտական այն ակտիվությունը, որ նկատվում է ոչ միայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի, այլև՝ Եվրամիության ու այլ դերակատարների կողմից, դիրքային պայքար է՝ կովկասյան ապագա ռազմաքաղաքական ստատուս քվոյի գծագրման հարցերի շուրջ։ Բնական է՝ այստեղ առանցքային հարցերից են հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, արցախյան հարցը, որը, չնայած պատերազմին, կարգավորված չէ»։
Ըստ քաղաքագետի՝ գործնականում բոլոր ակտիվ դերակատարներն ընդունում են, որ Արցախի խնդիրը կարգավորված չէ, և միայն Ադրբեջանն է հակառակը պնդում՝ ինքն էլ չհավատալով այդ պնդումներին, բայց առնվազն ներքին սպառման համար անելով այդ հայտարարությունները։ Նրա խոսքով՝ կա դիրքային պայքար՝ կոնֆլիկտի շուրջ քաղաքական իրողությունների ծավալման, քաղաքական իրավիճակի կառավարման և զարգացումները սեփական ռազմավարության հուն տեղափոխելու համար. «Ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ի համար իրավիճակն առավել նշանակալի է՝ ոչ այնքան բուն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տեսանկյունից, որքան՝ իրավիճակի վրա ընդհանուր ազդեցության առումով. մի կողմից՝ ՌԴ-ի հետ ունեցած խնդիրների համատեքստում, մյուս կողմից՝ իրանյան հարցերի, որովհետև Իրանի շուրջ ևս բավական հետաքրքիր տրամադրություններ են ձևավորվում։ Մասնավորապես, ԱՄՆ-ն հայտարարեց, որ մտահոգված է առաջիկա 2-3 շաբաթներին միջուկային սպառազինություն ունենալու մասին այն հայտարարություններով, որ փորձագետները հնչեցնում են Իրանի վերաբերյալ։ Եթե Սպիտակ տունը հրապարակավ ընդունում է այդ մտահագությունները, ուրեմն, կա քաղաքական բավականին լուրջ օրակարգ։ Չինաստանի ՊՆ նախարարը այցելեց Իրան, զուգահեռ՝ ԱՄՆ դիվանագիտական հավաք տեղի ունեցավ Բաքվում, Պուտինի հատուկ ներկայացուցիչն այցելեց Ադրբեջան։ Կան ընդգրկուն հարցեր, որոնց համատեքստում առավել աշխուժանում են աշխատանքները հայ-ադրբեջանական խնդրի, արցախյան հարցի ուղղությամբ»։
Բադալյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ն, կարծես, խնդիր ունի ամրագրելու Բաքվի 5 հայտնի պահանջներին հակակշռող իր մոտեցումները, մասնավորապես, այն, որ չի կարող լինել խաղաղության շուրջ քննարկում, եթե այն չի ներառում Արցախի իրավունքների, անվտանգության, կարգավիճակի հարցերի՝ բաց լինելու ամրագրումը։ «Կարծում եմ՝ սա է Երևանի տեսանելի խնդիրը, բացի, իհարկե, մշտական խնդիրն ամբողջ հետպատերազմյան շրջանում՝ անվտանգային իրավիճակի կառավարելիությունն ու ապակայունացման ռիսկերի առավելագույն չեզոքացումն է։ Խնդիրների լուծումը կարող է նաև ենթադրել որոշակի ներքաղաքական գործիքների կիրառում՝ մանևրի հնարավորությունը մեծացնելու համար։ Սրանով կարող ենք պայմանավորել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ելույթը, որով նա որոշեց բացել հնարավոր ռիսկերի, տրամադրությունների շրջանակը, որն առկա է արցախյան հարցի շուրջ, և, հետևաբար, բացել Հայաստանի խնդիրները՝ միգուցե ակնկալելով, որ դրանից եկող հակառակ արձագանքը կարող է նաև ՀՀ-ի համար մանևրի հնարավորություն բացել։ Թե ինչ կստացվի, կախված է մի շարք ներքին ու արտաքին գործոններից»։
Անդրադառնալով Զախարովայի այն հայտարարությանը, թե կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան, քաղաքագետը նշեց, որ ՌԴ-ի համար ևս կարևոր է բանակցության մեկնարկին ամրագրել Արցախի հարցի՝ բաց լինելը, որովհետև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն այսօր ունի խաղաղապահի մանդատ և ռազմական ներկայություն Արցախում, կարգավիճակի հարցի ընդգծումն առավել շահեկան է դառնում հենց ՌԴ-ի համար. «Եթե կարգավիճակի հարցը չեզոքանա, կարող է նաև ուղիղ հիմք դառնալ՝ ռուսական խաղաղապահ ներկայությունը չեզոքացնելու գործընթացի համար։ Զարմանալի չէ, որ ՌԴ-ն ընդգծում է կարգավիճակի հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումների էական տարբերությունը։ Այս մոտեցումները համահունչ կարող են լինել ՀՀ-ի համար, որովհետև չափազանց բարդ և ռիսկային է Արցախի հարցում նշաձողի իջեցումը։ Դա լինելու է ոչ թե ինքնին իջեցում, այլ, փաստացի, նշանակելու է նվազման տրամաբանությամբ քաղաքական պրոցեսի շարունակություն։ Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ գործ չենք ունենալու մեկանգամյա որոշման հետ, այլ՝ պրոցեսի և դրա տրամաբանության ձևավորման։ Այս առումով՝ ՀՀ-ն պետք է կարողանա օգտագործել արտաքին դաշտում համահունչ կամ քիչ թե շատ շահեկան մոտեցումները և փորձել բալանսավորել իրավիճակը՝ իր դիրքերը պահելու իմաստով»։
Փորձագետի կարծիքով՝ հարցեր կարող են լինել նաև ԱՄՆ-ի դիրքորոշման առումով, որովհետև վերջինս ողջունեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի ելույթը, իսկ դրա առանցքը և աղմուկի հիմնական պատճառը կարգավիճակի վերաբերյալ դիտարկումներն էին։ «Հարցեր են առաջանում, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ողջունում է հենց այն, որ ակնկալում է կարգավիճակի նշաձողի իջեցում, թե՞ նաև ողջունում է արձագանքն ամբողջությամբ՝ վարչապետի կողմից խաղաքարտեր բացելը, հասարակական որոշակի հակադիր արձագանքը։ Իսկ եթե ՀՀ-ից այդպիսի ակնկալիք կա, ինչը կարող ենք դատել՝ ողջույնից ելնելով, հարց է առաջանում, թե ինչ ակնկալիքներ կան Բաքվից, և ինչ պետք է «իջեցնի» վերջինս՝ էսկալացիա թույլ չտալու և խաղաղության համար։ Բլինկենը օրերս նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար անցանկալի է իրավիճակը լարող որևէ գործողություն, որը թույլ կտա Ադրբեջանը»,-ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ չպետք է թույլ տալ, որ բանակցային որևէ պրոցես մեկնարկի ՀՀ-ի ետքայլի տրամաբանությամբ։
Մարիամ Սարգսյան