12 օր է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բողոքի ակցիաներ է սկսել, «Հայաստան» դաշինքն էլ իր հերթին է ապրիլի 25-ից սկսել ակցիաներ ու երթեր իրականացնել։
Radar Armenia-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը ընդգծեց՝ պայքարելու են այնքան, մինչև չլուծվեն խնդիրները. «Այդ խնդիրներն էլ ուղիղ կապված են այսօրվա իշխանությունների անպատասխանատու և կործանարար հայտարարությունների և քայլերի, մասնավորապես, արցախյան հարցում որդեգրած քաղաքականության հետ։ Այս օրերին հազարավոր մարդիկ եկան Ազատության հրապարակ, լսեցին մեր կոչերը, միացան բողոքի, ընդվզման ակցիաներին»։
Ըստ Գալստյանի՝ մինչ այս իրենք կարողացել են լուծել այն խնդիրը, որ պայքարն ապակենտրոն է, ցանցային է, չունի ընդգծված առաջնորդներ, և յուրաքանչյուր հայ, որը չի կիսում այս իշխանության մոտեցումները, պարտավոր է իր մասնակցությամբ աջակցել այս շարժմանը. «Մարդկանց զգոնությունն արթնացնելու, անտարբերության շղթաները կոտրելու ակցիաները մենք ամեն օր իրականացնում ենք։ Եթե առաջին օրերին մեր քայլերթերին միանում էին մի քանի հարյուր քաղաքացիներ, այսօր արդեն՝ մի քանի հազարն են միանում։ Առաջին փուլը իրազեկման ակցիաներ էին, որոնց ընթացքում փորձում էինք բացատրել, թե ինչ խնդիրներ են ծառացած ՀՀ-ի առջև, ինչ վտանգներ կան, ինչ մահաբեր երկխոսություններ են այս իշխանությունները նախաձեռնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Երկրորդ փուլում ավելի ակտիվ անհնազանդության միջոցառումներն էին, այս շաբաթվա ընթացքում և՛ Երևանում, և՛ մարզերում տարաբնույթ բողոքի ակցիաներ, անհնազանդության երթեր ու ընդվզման միջոցառումներ են եղել»։
Գալստյանը վերահաստատեց՝ մայիսի 1-ից սկսվում է պայքարի երրորդ՝ «ավելի վճռական փուլը». «Այս փուլը, կարծում եմ, կբերի իր արդյունքը, մենք կլուծենք կարճաժամկետ խնդիրը՝ ազգային շահերն ու ժողովրդին չներկայացնող իշխանությունների հեռացում։ Հաջորդ խնդիրը համազգային լուրջ մոբիլիզացիան է, բոլոր կարող ուժերի համախմբումը և ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովումը»։
Հարցին՝ մայիսի 1-ին կոնկրետ ի՞նչ գործողություն է լինելու, Գալստյանն ասաց՝ ակնկալում է, որ այն տասնյակ հազարավոր մարդիկ, որ այս օրերի ընթացքում իրենց մասնակցությունն են ցուցաբերել, ապակենտրոն տարբեր օջախներ են ձևավորվել, կմեկտեղվեն. «Կդառնանք մեկ բռունցք՝ մեկ վայրում, որտեղ կթևածեն մեր ազգային էներգիան, ազգային գերակա նպատակները, և այդ ոգով տոգորված՝ կգնանք առաջ»։
Ըստ նրա, երբ համազգային մոբիլիզացիան հասնի իր կիզակետին, հետո իշխանությունների հեռացումն օրերի հարց է լինելու։
Դիտարկմանը, թե իշխանությունը նշում է, որ ընդդիմությունը թեև դիմում է այն նույն տեխնոլոգիաներին, որոնք իրենք գործածել են 2018-ին, սակայն այժմ չկա ժողովրդական պահանջ և ընդվզում, ընդդիմադիր գործիչը պատասխանեց, թե իշխանությունը վաղուց կտրվել է իրականությունից. «Տեխնոլոգիաներից զատ՝ այս հրապարակում թևածում է բովանդակությունը, իսկ այն խիստ ազգային է։ Եթե 2018-ին մարդիկ «դմփ-դմփ-հու»-ի շուրջ էին համախմբվում, այժմ համախմբվում են հայրենասիրական ոգու, արժեքների ու երգերի ներքո։ Երկիրը մաս-մաս օտարին չհանձնելու մտավախությունն է այսօր հայերին ոտքի հանել։ Սա է էական տարբերությունը, և վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին»։
Արդյո՞ք մայիսի 1-ին ակնկալվող համախմբումը վերաբերում է նաև մյուս ընդդիմադիր ուժերին, Գալստյանը դրական պատասխան տվեց. «Միայն Ազատության հրապարակում այս պահին 3-4 տարբեր նախաձեռնություն է, Հայաստանի տարբեր շրջաններից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են Երևան գալիս, մենք ենք շարունակում մեր իրազեկման ակցիաները։ Բոլոր ուժերը պետք է մեկտեղվեն։ Ենթադրում եմ՝ միասնական հուժկու հանրահավաքային ալիքը լինելու է մայիսի 1-ին, որից հետո էլ ընդամենը օրերի հարց է լինելու իշխանություններին հեռացնելը»։
Մարիամ Սարգսյան