ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի դեմ Ամերիկայում Հայ դատի գրասենյակի երիտասարդները բողոքի ակցիաներ են կազմակերպել և փորձել ճնշում բանեցնել դեսպանի վրա: Երեք ամիսների ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Բաքոյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է այս միջադեպերին։ Բաքոյանի խոսքով՝ երբ մեր երկիրը արտաքին մարտահրավերների առջև է կանգնած, և դաշնակցականները նման վարքագիծ են դրսևորում, դա ուղղված է Հայաստանի շահի դեմ, հայ ժողովրդի դեմ։
Անդրադառնալով միջազգային հանրության կարծիքին՝ Բաքոյանն ասաց, որ դրանք, բնականաբար, դրական արձագանք ձևավորել չեն կարող. «Միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանում այլևս ժողովրադավարությունն է իշխում, և այս պայմաններում ընդդիմության նման վարքագիծը, ընդ որում՝ Արցախի հարցի շուրջ նման դիրքորոշում ցուցաբերելը, թույլ է տալիս հասկանալու, որ իրենց ողջ նպատակն ուղղված է իշխանություն ձեռք բերելուն։ Միջազգային հանրությունը ևս դա հասկանում է»։
ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդավարության ուղի է ընտրել, իսկ ընդդիմության վարքագիծը արկածախնդրային է՝ կոնկրետ նպատակ հետապնդելով. «Հայ դատը» դաշնակցականների մի մասն է, որն ուզում է երկրում դաշնակցականներին բերի իշխանության»։ Ըստ նրա՝ հայ համայնքին պետք է առանձնացնել քաղաքական կոնկրետ ուղղվածություն ունեցող մարդկանցից. «Եթե այդ մարդիկ նպատակ ունեն իրենց երկիրն այդ ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու և դրա ուղղությամբ քայլ կատարելու, այդ դեպքում գոնե որևէ անգամ կգնային երկխոսության՝ հասկանալու համար, թե ինչ հնարավոր տարբերակներ կան՝ երկիրն այս իրավիճակից դուրս հանելու համար։ Իսկ ընդդիմությունը որևէ օրակարգ չունի, որ երբ գա իշխանության՝ ինչ է անելու։ Նրանց միակ նպատակն իշխանությանը հեռացնելն է»։
Խոսելով ոստիկանության ներգրավման մասին՝ Բաքոյանն ասաց. «Ցուցարարների արկածախնդիր պահվածքը պետք է չեզոքացվի, և այս դեպքում, իհարկե, ոստիկանությունը պետք է կարգ ու կանոն հաստատի»։
Ոսկեհատ Պողոսյան