Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Հայաստան են ժամանել Ռուսաստանի և Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ։ Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը որոշ թվային տվյալներ ներկայացրեց։
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի 142 հազար քաղաքացի մուտք է գործել Հայաստան, և 138 հազար քաղաքացի՝ հեռացել։ Ուկրաինայից ՀՀ է ժամանել 5900 քաղաքացի, 5600 քաղաքացի՝ հեռացել»։
Նրա խոսքով՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մայիսի առաջին շաբաթում կհրապարակի արդյունքներ, որոնցից պարզ կդառնա, թե ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիները հիմնականում ինչ տարիքային խմբերի են պատկանում. մուտք գործելու նպատակները առհասարակ չեն արձանագրվում։ «Միգրացիոն ծառայությունը հաշվառում է անցկացնում ԵԱՏՄ քաղաքացիների շրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի։ Այդ հաշվառումն անցնելու համար, եթե Հայաստանում գտնվելու նպատակը աշխատանքն է, քաղաքացին վեց ամիս ժամանակ ունի։ Շատերը դեռ չեն անցել այդ հաշվառումը, որովհետև պետք է մուտքի օրվանից 6 ամիսը լրանա, որպեսզի համարվեն անօրինական և ստիպված լինեն լեգալիզացնել իրենց՝ Հայաստանում մնալը»։
Հանրային կապերի պատասխանատուն հայտնեց, որ Հայաստան մուտք գործելիս՝ Ռուսաստանի քաղաքացիները այստեղ մնալու նպատակը նշելու որևէ պարտավորություն չունեն և մինչև 180 օր Հայաստանում գտնվելու իրավունք ունեն. «Որպես ԵԱՏՄ քաղաքացիներ՝ ազատված են աշխատանքի թույլտվությունից, կացության կարգավիճակից»։